Տեառնընդառաջ


03:17 , 13 փետրվար, 2014

trndez-armenian-church-holiday-fireYerevantimes.am-ը գրում է.

Տեառնընդառաջ` գրաբարյան բառ է, բառի ստուգաբանությունն է՝ «Տիրոջն ընդառաջ ելնել» կամ «Տիրոջը դիմավորել», «Տիրոջն ընդառաջ գնալ»։ Ժողովրդի մեջ տոնը հայտնի է Տրնդեզ, Տերընդեզ կամ Տերնտես անուններով: Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից մեկն է և նշվում է ամեն տարի փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Տոնն ունի Աստվածաշնչյան հիմք` ըստ հրեական օրենքի, ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում ու իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և Հովսեփն ու Մարիամը` Հիսուսի երկրավոր ծնողները,  40-օրական մանուկ Հիսուսին ընծայում են Աստծուն՝ Երուսաղեմի տաճարում: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը:

Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար և նրան Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Սիմեոն ծերունին տեսնելով մանկանը՝ Տիրոջն ընդառաջ է գնում, այստեղից էլ առաջանում է տոնի անվանումը` «Տիրոջն ընդառաջ»:

Սրբազան ավանդության համաձայն, երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան  դուռը դղրդյունով բացվում է ու մարդիկ ճրագներով դուրս են  գալիս տներից՝ տեսնելու թե ինչ է կատարվում և այդպիսով ակամա լուսավորում են Հիսուսին: Ավանդության համաձայն այստեղից էլ առաջացել է կրակներ վառելու սովորույթը:   

Տեառնընդառաջի տոնակատարություններն սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան` եկեղեցական օրացույցի համաձայն երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը: Տվյալ դեպքում փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Հայոց Առաքելական Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Կանոնի հանձայն նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի ու այգիների օրհնություն: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով վառում է Տեառնընդառաջի խարույկը`  իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ ու Անմահ  Պատարագ: Տեառնընդառաջի պատարագի ավարտից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակ զույգերի օրհնության կարգ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, ապա բացվում են եկեղեցիների Սուրբ խորանների վարագույրները, և մատուցվում է բաց Պատարագ:

Տեառնընդառաջի տոնը հորդոր է` Տիրոջն ընդառաջ գնալու, Աստծո կամքը կատարելու:

Վարդուհի Աղաբեկյան