Կիսամեռ, հյուծված երեխաները դուրս են գալիս և միասին կրկնում են՝ «Մենք լավ ենք ապրում, մեր առողջությունը լավ է...»


02:48 , 13 փետրվար, 2014

Newsbook.am-ի զրուցակիցն է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը.

– Տարբեր մասնագիտական դուրս են գալիս փողոց՝ ընդդեմ «Կուտակայինի» օրենքի։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ այդ առանձին խմբերը դուրս գան արհմիութենական շարժումներից և միավորվեն մեկ համընդհանուր շարժման մեջ։

– Այն, ինչ կատարվում է, շատ տրամաբանական է ու շատ ճիշտ է, որովհետև մենք երկար ժամանակ սխալ պատկերացում ունեինք, թե քաղաքական կուսակցությունները կարող են բարձրացնել հարցեր և դրանց տալ համապատասխան լուծումներ։ Իրականում, հարցերը բարձրացնում են հենց հասարակական շարժումները, իսկ քաղաքական կուսակցությունները կարող են տալ խնդիրների լուծման իրականացման ձևերը։ Եթե հիշում եք, Ղարաբաղյան շարժումը որևէ կուսակցություն չբարձրացրեց։ Հետագայում ստեղծվեցին տարբեր կուսակցություններ և տարբեր լուծումներ առաջարկեցին։

– Իսկ հնարավո՞ր է, որ դերասանները, երկաթուղայինները, մետրոյի աշխատակիցները միանան։

– Դժվար եմ պատկերացնում, թե բոլորը կհավաքվեն հրապարակում, որովհետև մենք հասել ենք մի վիճակի, որտեղ սոցիալական վիճակն արդեն վճռորոշ դեր է խաղում։ Նախորդ օրը հեռուստատեսությամբ Սարդարապատի աշխատողների հավաքը տեսա, ովքեր պնդում էին, թե իրենք իրենց կամքով են եկել և այլն։ Հիշեցի «Թուր և վահան» բազմասերիանոց ֆիլմը, որը երկրորդ համաշխարհային պատերազմի մասին էր։ Այնտեղ մի դրվագ կար,  երբ գերմանացիները գալիս են մանկական համակենտրոնացման ճամբար։ Կիսամեռ, հյուծված երեխաները դուրս են գալիս և միասին կրկնում են՝ «Մենք լավ ենք ապրում, մեր առողջությունը լավ է...»։ Ահա, այդ սարսափելի տեսարանն ակամա տեսա։ Երբ տեսնում ես վախեցած քաղաքացիների, հասկանում ես, որ վախեցած քաղաքացիներով ոչ միայն պետություն կառուցել, այլև որևէ բան անել հնարավոր չէ։ Բայց ես հավատացյալ մարդ եմ և հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ Աստծո կրակը կա, և մարդն այլևս չի կարող ապրել այնպես, ինչպես ապրել է՝ չի կարող ստել, չի կարող ստորանալ ու ստորացնել։

– Այնուամենայնիվ, մի օր համբերության բաժակը պետք է լցվի ու թափվի, և գուցե հիմա՞ է, գուցե եկե՞լ է ժամանակը։

– Կարծում եմ, որ քաղաքացիական զարթոնքն սկսվում է այն ժամանակ, երբ յուրաքանչյուր մարդ իրեն դիտարկում է այս երկրի քաղաքացի և երկրում տեղի իրադարձությունների համար պատասխանատու է զգում, ասենք, իր ընտանիքի առաջ։ Այսպես ասենք՝ բուրգը երբևիցե վերևից չի կառուցվում։ Եթե հիմքը չեղավ, գագաթը չի լինի։ Իսկ մենք հիմնականում ուզում ենք բուրգը վերևից կառուցել։

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի