Եվրախորհրդարանականների անընդունելի ձևակերպումները անակնկալ չէին


22:30 , 12 փետրվար, 2014

Հայաստան-­Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի` Ստրասբուրգում կայացած նիստն ավարտվել է անարդյունք. համատեղ հայտարարության հարցում կողմերն այդպես էլ փոխըմբռնման չեն եկել, իսկ փաստաթուղթն այդպես էլ չի ստորագրվել: Նշվում է, որ հայտարարության` ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնց առկայությունը թույլ չի տվել հայկական կողմին ստորագրելու համատեղ հայտարարությունը:

Այս հանգամանքը բավականին ակտիվ քննարկման առարկա է դարձել ոչ միայն եվրախորհրդարանի պատգամավորների բավականին կոշտ ու կտրուկ հայտարարությունների, այլ հայաստանյան պատվիրակությունում առկա հակասությունների պատճառով:

ԱԺ մեծամասնությունը ներկայացնող, Եվրախորհրդարանում հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանն այս առնչությամբ ՖԲ իր էջում գրառում է կատարել. «Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ եվրախորհրդարանականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող, եթե ոչ ուղղակիորեն վնասող մոտեցումների կիրառումը»: 

Ս. Ֆարմանյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում համատեղ հայտարարության ստորագրումն աննպատակահարմար է և չի բխում հայկական կողմի շահերից:

Այս հարցում, ԱԺ ոչ իշխանական ուժերը այլ տեսակետ ունեն: Ճիշտ է` նրանք ևս համաձայն են այն տեսակետին, որ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները բավականին կոշտ են արտահայտվել ոչ միայն ՀՀ ինտեգրացման գործընթացի, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ` հնչեցնելով անթույլատրելի ձևակերպումներ, սակայն կարծում են, որ բանակցությունների միջոցով հնարավոր էր հասնել փոխընդունելի համաձայնության և ստորագրել համատեղ հայտարարությունը:

Միաժամանակ ԱԺ ոչ իշխանական ուժերը կարծում են, որ Եվրախորհրդարանի այս մոտեցումը պայմանավորված է Մաքսային միությանը` Հայաստանի միանալու որոշումով:

Համատեղ հայտարարությունը չստորագրելու պատճառների մասին. ԱԺ ոչ խորհրդարանական ուժերի հետ դժվար է չհամաձայնվել այն հարցում, որ Եվրախորհրդարանի պատգամավորների կոշտ ելույթներն ու հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումները պայմանավորված են Մաքսային միությանը միանալու որոշումով: Սակայն սա պատճառներից միայն մեկն է:

Վերջին տարիներին բավականին զգալի է թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբերի ու Ադրբեջանի կառավարության անմիջական ազդեցության աճը եվրախորհրդարանում: Ադրբեջանում մշակվել է «եվրոպացի չինովնիկների հետ աշխատելու մեխանիզմ», որի միջոցով միլիարդավոր գումարներ (հիմնականում Հեյդար Ալիևի անվան հիմնադրամից) ուղղվում են այս կամ այն նպատակով Եվրոպացի պատգամավորների մասնակցությամբ միջոցառումների ֆինանսավորմանը, անվճար ճանապարհորդությունների կազմակերպմանը:

Բանը հասել է նրան, որ մի շարք եվրոպացի պատգամավորներ` Բաքվից ուղղակի ֆինանսավորման հետևանքով, ընդգծված հակահայ քաղաքականություն են իրականացնում` Եվրախորհրդարանում դեմ հանդես գալիս Ադրբեջանի դեմ բանաձևերին և հակառակը` նախաձեռնում հակահայ բանաձևեր ու եվրախորհրդանում այդ նախագծին կողմ քվեարկելու լոբբինգ իրականացնում:

Ադրբեջան-­Եվրամիություն «արդյունավետ համագործակցության» վերջին օրինակը 2013 թվականի հոկտեմբերին, Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին, Եվրախորհրդարանի ոչ պաշտոնական դիտորդական խմբի մասնակցությունն էր (Եվրախորհրդարանը պաշտոնապես դիտորդական խումբ Ադրբեջան չէր գործուղել): Իսկ ընտրությունների վերաբերյալ վերջիններիս դրական գնահատականների հետևանքով մեծ աղմուկ բարձրացավ նույնիսկ եվրոպական հեղինակավոր պարբերականների կողմից, իսկ պատվիրակության իտալացի ղեկավար Պինո Արլակկիի թեման երկար ժամանակ իտալական ԶԼՄ-­ի գլխավոր թեման էր, որոնք հետաքրքիր բացահայտումներ էին արել վերջինիս գործունեության վերաբերյալ:

Ինչևէ, հաշվի առնելով այս կարևոր հանգամանքը, ինչպես նաև` ՄՄ-ին անդամակցելու ՀՀ որոշումն ու Եվրոպայի սպասելի արձագանքը, հայաստանյան պատվիրակության գլխավոր խնդիրը պետք է լիներ համաձայնեցված ձևով այս մարտահրավերների դիմակայումը: Հասկանալի է, որ ՄՄ­-ին անդամակցելու կամ ներքաղաքական հարցերում քաղաքական ուժերի միջև կարող են սկզբունքային հակասություններ լինեն, սակայն նման դեպքերում արտաքին մարտահրավերներին դիմագրավելիս, պետք է գործել համախմբված:

Ամեն դեպքում, երկրի արտաքին քաղաքական օրակարգում առկա ԼՂ հիմնախնդիրը քաղաքական բոլոր լուրջ ուժերի համար էլ օրակարգային է և նման դեպքերում պետք է ապահովվել միասնական ու համախմբված մոտեցում: 

Կից նյութը՝ այստեղ