19:31 , 12 փետրվար, 2014
168.am-ը գրում է.
Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:
Անցյալ ամիս Թուրքիա կատարած իր այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրը, կոչ արեց Թուրքիայի ղեկավարներին առերեսվել իրենց պատմության հետ. «Հիշողության ջանքերը միշտ էլ ցավոտ են… բայց պետք է անել: Այն ինչ մեզ անհրաժեշտ է՝ հաշտություն իրականացնել՝ անցյալում տեղի ունեցածն ուսումնասիրելու և ճանաչելու միջոցով… Ճանաչելով պատմական իրադարձությունները դուք կբարձրանաք ոչ միայն ձեր սեփական աչքում, այլ նաև աշխարհի աչքում»: Նախագահ Օլանդը նաև առանձին հանդիպում ունեցավ սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի հետ:
Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս նման մի իմաստուն խորհուրդ տվեց իր երկիր այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ»: Հետաքրքիր է, որ Էրդողանն ինքը բարձրացրեց այս հարցը՝ բողոքելով, որ Գերմանիան մտադիր է գումար հատկացնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման համար: Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը էլ ավելի հեռուն գնաց, քան Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները, փաստացի օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրը, երկու շաբաթ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած այցի ժամանակ. «Հաջորդ տարի նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին»: Թեև սպասվում է, որ Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ միջազգային ճնշումը Թուրքիայի կառավարության վրա էլ ավելի բուռն է դառնալու, սակայն հայերը պետք է զգուշանան, որպեսզի չխաբվեն նման բարեմիտ, սակայն երբեմն շահախնդիր հայտարարություններից: Նույնիսկ եթե նման ճնշումները դրդեն Թուրքիայի որևէ ղեկավարի ընդունել օսմանյան կառավարության մեղավորությունը ջարդերի կամ անգամ ցեղասպանության իրագործման մեջ, ապա այն չի կարող լիարժեք բավարարել հայ ժողովրդի արդար պահանջները: Իրականում, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ակնկալումը կարող է հակառակ արդյունքը տալ, քանի որ, եթե և երբ Թուրքիան ճանաչի այն, ամբողջ աշխարհը, ներառյալ հայերը, կարող են սխալմամբ ենթադրել, որ իրականացվել է իրենց երկար սպասված երազանքը…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ