17:24 , 12 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Այսուհետ պոլիկլինիկաներում հետազոտությունները կդառնան մասամբ վճարովի՝ համավճարով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրին առողջապահության նախարարության պատասխանատուները: Ըստ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Կառլեն Անտոնյանի՝ արյան և այլ հետազոտությունները կարժենան միջինը 500 դրամ, իսկ ուլտրաձայնային հետազոտությունները՝ սոնոգրաֆ, ռենտգեն, 1000 դրամ:
Այլ հարց է, թե քանի հոգի համավճարի կիրառումից հետո կդիմի պոլիկլինիկական հետազոտության, քանի որ առանց այդ էլ անվստահություն կա պոլիկլինիկաների հետազոտությունների հանդեպ: Համավճարի դեպքում չի բացառվում, որ քաղաքացիները նախընտրեն հետազոտվել այլ՝ առավել մասնագիտացած կլինիկաներում:
«Սոցիալապես անապահով բոլոր խմբերը կազատվեն համավճարից: Կազատվեն նաև դիսպանսեր հիվանդները, ինչպես նաև զորակոչը, մանկաբարձագինեկոլոգիականը»,- ասաց նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ լրացուցիչ գումարով նպատակ ունեն բարելավել պոլիկլինիկաների վիճակը:
Մտավախություն կա, որ համավճարի ներդրումը որոշակի խառնաշփոթ կստեղծի՝ թե որ դեպքում կարող է քաղաքացին անվճար ստուգվել, որ դեպքում՝ վճարովի: Ավելին՝ պարզվում է՝ առողջապահության նախարարությունը այդպիսով փորձում է «զսպել ավելորդ» հետազոտությունները:
«Համավճարը ուղղված է ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ ավելորդ հաճախումների զսպմանը: Դրա համար նախատեսում ենք ներդնել փոքր համավճար, որպեսզի զսպենք ավելորդ հաճախումները: Գիտեք, երբ հայտարարում են՝ ամեն ինչ անվճար է, տեղի-անտեղի ավելորդ հաճախումներ շատ են լինում: Իսկ բժշկի ցուցումով ցանկացած հետազոտություն կլինի անվճար»,- ասաց Կառլեն Անտոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջիկայում հղիության պաթոլոգիաների բուժումը կդառնա համավճարով՝ մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը՝ հիվանդը: Այս նորամուծությունը ևս ծրագրում է առողջապահության նախարարությունը: Մինչ այժմ հղիության ընթացքում պաթոլոգիաների բուժումը կատարվել է պետպատվերի շրջանակներում:
Կառլեն Անտոնյանի խոսքով՝ հղիության պաթոլոգիաների բուժման համար նախատեսված է օրական 5 հազար դրամ համավճար: Դրա մեջ ներառված չէ սենյակի գումարը: «Մեկ անձի համար միջինը կլինի 15-16 հազար դրամ»,- հաշվարկեց Անտոնյանը: Նրա խոսքով՝ առայժմ խոսքը միայն Երևան քաղաքի մասին է:
Նշենք, որ մեզ հետ զրույցում որոշ բժիշկներ մտավախություն էին հայտնել, որ այդ նորամուծությունը կարող է վտանգել սոցիալապես անապահով, սակայն նման իրավական կարգավիճակ չունեցող հղիների և պտղի առողջությունը: Առավել ևս, որ պաթոլոգիկ հղին կարող է մի քանի անգամ հիվանդանոցային բուժում ստանալու անհրաժեշտություն ունենալ: