12:41 , 12 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Տյառնընդառաջի տոնին նախընթաց տասնօրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր կայացավ Տնօրհնեքի արարողություն:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությունն իրենցն է:
«Վերջին շրջանում հիմնադրամի չախախոսները շատացել են, և Տնօրհնեքի կարգ կատարելը, կարծում եմ, շատ տեղին է:
Հայ առաքելական եկեղեցու հետ բազմաթիվ ծրագրեր ունենք, և Տյառնընդառաջի միջոցառումների շրջանակներում Երիտասարդական հիմնադրամն էլ որոշեց մասնակցել այս միջոցառումներին»,- նշեց նա՝ միաժամանակ բնակչությանը կոչ անելով հավատարիմ մնալ հայ առաքելական ավանդույթներին և իրենց կացարաններում ևս Տնօրհնեքի կարգ կատարել:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն էլ, ներկայացնելով Տյառնընդառաջի տոնի խորհուրդը, նշեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա, Տիրոջ տաճարի մոտ մանուկ Քրիստոսին դիմավորող Սիմեոն ծերունու օրինակով, պետք է ընդառաջ գնա Տիրոջն ու եկեղեցուն: «Տասնօրյա միջոցառումների շրջանակներում այցելել ենք մանկատուն, ծերանոց, մանկատան երեխաների համար համերգ կազմակերպել, նվերներ բաժանել: Բոլոր այս միջոցառումների նպատակը մեկն է. ընդառաջ գնալ Աստծուն»,- ասաց հոգևորականը:
Հակոբ քահանա Խաչատրյանը թյուր համարեց այն կարծիքը, որ Տյարընդառաջի տոնի միակ խորհրդանիշ ընկալվում է խարույկը: «Այն պարզապես խորհրդանշում է Քրիստոսի լույսն ու ջերմությունը: միջոցառումների շրջանակներում, ուր էլ որ լինում ենք, մեզ հետ մի խաչքար և մի կանթեղ ենք տանում, որը վառված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գլխավոր կանթեղից: Սրանով մենք տարածում ենք Քրիստոսի լույսն ու ջերմությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ տասնօրյա միջոցառումները կամփոփվեն վաղը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ 17:00-ին կայանալիք տոնական համերգով: