12:37 , 12 փետրվար, 2014
Քանզի Ֆեյսբուքի այսօրվա օրակարգում ամենաքննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիայի լինել-չլինելու հարցը, մի երկու բան էլ ես ասեմ:
Ուրեմն, եթե, այնուամենայնիվ, Սինեմա Սթարը, կամ որևէ այլ կինոթատրոն որոշի ցոււցադրել այս ֆիլմը, ապա առնվազն կոմերցիոն առումով այն հաստատ կշահի, որովհետև այնպիսի փիառ, ոնց որ այս ֆիլմն ունեցավ, ոչ մի այլ արտասահմանյան ֆիլմ չեմ հիշում, որ ունեցած լիներ Հայաստանում:
Սա հարցի կոմերցիոն կողմը, բայց խոսենք նաև բարոյական կողմի, ինչպես նաև նպատակահարմարության մասին:
Ժողովուրդ, ոչ ոք էլ չի թաքցնում, որ ֆիլմը պոռնոգրաֆիկ տարրերով դրամա է, այդ թվում նաև ֆիլմը ստեղծողները: Ըստ իս, դա ամենքի անհատական ու խիստ սուբյեկտիվ ընտրության հարցն է, թե ուզո՞ւմ է արդյոք նա պոռնոգրաֆիկ տարրերով ֆիլմ դիտել կինոթատրոնում, թե ոչ, և ես չեմ տեսնում ոչ մի լուրջ փաստարկված պատճառ, որով նման ցանկություն ունեցողներին պետք է արհեստականորեն սահմանափակեն իրենց այդ իրավունքի սահմանափակման մեջ: Ի վերջո, նայողը, միևնույն է, նայելու է (օրինակ կինոկայքերով), չնայողն էլ՝ չի նայելու: Կարծում եմ՝ գլոբալ դատողություններ անել մարդու բարոյահոգեբանական կերպարի մասին՝ հենվելով զուտ այս ֆիլմը նայել ուզենալ-չուզենալու վրա, ճիշտ չէ:
Հիմա խոսենք նպատակահարմարությունից: Որքան էլ պարոդոքսալ է, բայց ինչպես Հայաստանում, այնպես էլ այլուր, ֆիլմի տաարածման ու պահանջվածության համար ոչ ոք այդքան լավ ազդեցություն չի ունեցել, որքան այդ ֆիլմի դեմ սուր պայքար ձեռնարկածները: Արդեն կարելի է խոսել վիրուսային գովազդի մասին: Այսքանով հանդերձ, պայքարողների մասին կարելի է ասել ռուսերեն հայտնի խոսքով. «За что боролись, на то и напоролись»:
Մյուս կողմից էլ նրանք են, ովքեր անպայմանորեն ուզում են դիտել ֆիլմը: Ոմանք ուզում են, որովհետև կինոգուրման են, կամ Թրիերի արվեստի երկրպագուն, մյուս մասն էլ ուզում ա գնա ծիծիկ-տուտուզ նայի: Ֆիլմը դիտելու նպատակահարմարության մասին թերևս պետք է մտածի առաջին կատեգորիան, որովհետև ինչպես ֆիլմի դեմ պայքարողներն են «Նիմֆոմանուհու» ռեյթինգը մինչև ամպեր թռցնում, այնպես էլ պոռնոմանները կարող են հարամել կինոմանների հաճույքը՝ հենց ցուցադրության ժամանակ, ընդ որում, կարան ոչինչ էլ չանեն, ուղղակի լինեն սրահում ու իրենց ներկայությամբ ու ռեպլիկներով տհաճության պատճառեն կինոմաններին:
Մնում է հավելել, որ անձամբ ես չեմ էլ պատրաստվում դիտել այդ ֆիլմը, որովհետև նախ՝ ես չեմ համարում, որ որևէ արվեստ կարող է արդարացնել այդ քանակությամբ պոռնոգրաֆիայի առկայությունը, հետո չեմ սիրում ժամանակակից եվրոպական կինոն (չհաշված եզակի բացառությունները) և վերջապես, վստահ եմ, որ բարձրացած աղմուկը հաստատ բերելու է նրան, որ եթե ֆիլմը ցուցադրվի, ապա գրավելու է բազմաթիվ ղավուրմի ֆեյս կանտռոլով ինդիվիդների: