Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:04 , 12 փետրվար, 2014

Ամեն մեկը ինքն է ընտրում իր հետաքրքրությունների շրջանակը: Օրվա կռիվ:

Րաֆֆի Հովհաննիսյանը իր վճռական ճառը, որը կփրկի բոլորիս, կասի ոչ թե բացօթյա պայմաններում, այլ հյուրանոցում: Էհ, հյուրանոց, հյուրանոց, այդքան փող տալու տեղը, ՖԲ-ում մի խումբ բացեիք, բոլորին հրավիրեիք այդ խումբ ու ձեր ազգափրկիչ վճռական ճառը այդտեղ ասեիք: Իմ կարծիքով, ՖԲ պայմաններում ավելի շատ ունկնդիր կունենայիք. օգտվեք 21-րդ դարի նորարարություններից:

Գազի հետ օդ են խառնում. այս արտահայտությունը և՛ հերքվեց և՛ հաստատվեց, բայց վերջնական լուծումը ստանալու համար սպասենք ԱԺ հերթական քառօրյաին, որտեղ հստակ կասվի՝ այո կամ ոչ: ԱԺ-ում դա պարզելու համար գործում է հստակ բանաձև, սուրճի եփման տևողությունը ուղիղ համեմատական է Հայաստանի ծնելիության աճին. եթե աճը բարձր է այդ դեպքում՝ գազի մեջ օդ է խառնվել, եթե ոչ՝ օդ չկա:

«ՆԻՄՖՈՄԱՆՈՒՀԻՆ» ֆիլմը մեծ աժեոտաժ է առաջացրել Հայաստանում: Սա յուրահատուկ ոճ է ֆիլմարտադրության մեջ, որի ռեժիսորը՝ Լարս Ֆոն Տրիերին, ոչ մեկ անգամ է այսպիսի ֆիլմ նկարահանել: Աղմուկը անտեղի էր, ես չեմ նայում, դու չես նայում, բայց մեկ ուրիշի դուրը գալիս է: Լավ, կինոթատրոնում չցուցադրեցին՝ մեկ ամսից ինտերնետով կնայի: Որքանով ես եմ տեղյակ, ֆիլմը համասեռամոլություն չի քարոզում, ու մարդկանց խոսքերով ռեժիսորական լուրջ աշխատանք է տարված:

Սաղս ոգևորվեցինք, դերասանները միասնականություն են ցուցադրել, բողոքի ակցիա են արել ու, ըստ իմ լսած հնադարյան թևավոր խոսքի, այս իրավիճակը կարելի է բնութագրել այսպես՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Ստյոպա Սաֆարյանը բողոքում էր ՕԵԿ-ից: Էհ դրանից մի քանի ժամ առաջ էլ իմացանք, որ Ստյոպա Սաֆարյանը հոգնեցրել է ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին: Էտ ուրիշ հարց է, որ ՕԵԿ-ը բոլորին է հոգնեցրել, բայց Սաֆարյանի պատը խի՞ էիք գրասենյակ սարքել: Անվտանգ ինտերնետի օրով բա տենց բան կանեն: Հիմա մեր Սաֆարյանը անվտանգ ինտերնետի օրը նշի՞, թե ձեր գրածները պատից ջնջի: