09:16 , 12 փետրվար, 2014
«Եվրամիության երկրների արտգործնախարարներն առաջիկայում Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը»։ Նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը՝ 2013թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015թ. Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։
Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»։
Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները» կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»։ Փաթեթում անդրադարձ կատարելով ՌԴ-ին՝ նշվում է. «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»։
Aravot.am-ը «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց՝ սա հերթական շա՞նսն է Հայաստանի համար։ Պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Սա հերթական առաջարկն է. հնարավորությունը ՀՀ-ին, որը հազիվ թե օգտագործվի։
ՀՀ-ին խանգարում է ՌԴ-ի ճնշմանը ենթարկվելը, քանի որ ՀՀ-ում իշխանության և ընդիմության մեջ են քաղաքական ուժեր, որոնք քաղաքական և հոգեբանական կախման մեջ են Ռուսաստանից։ Մաքսային միության անվամբ կախաղանի օղակը գցված է ՀՀ պարանոցին»։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Եվրոպական փաթեթը» ոչ թե նոր շանս է համարում, այլ աշխատանքային փաստաթուղթ, ու նշում. «Նման փաստաթղթի անհրաժեշտություն կա։ Ապագա քաղաքականությունը հստակեցնելու անհրաժեշտություն կար, որի մասին ասում էին փորձագետներն ու եվրապաշտոնյաները։ Իմ կարծիքով՝ պետք չէ նման գնահատական տալ, թե սա շանս է։ Սա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է, վերջին հաշվով Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման որևէ խոչընդոտ այս պահին ՀՀ-ի համար չկա։ Ասոցացման համաձայնագիրը Արևելյան գործընկերության մի բաղկացուցիչն է՝ մնացած բոլոր առումներով ՀՀ-ԵՄ հարաբերություններում դրական ձեռքբերումներ կան, կա գործընթացը շարունակելու երկուստեք ցանկություն։ Մաքսային միությունը այս ամենի համար չի կարող լինել խոչընդոտ։ Չեմ կարծում, որ Մաքսային միության անդամակցումը պետք է խոչընդոտի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը. մաքսային նոր կանոնները երբեք խոչընդոտ չեն եղել ՌԴ-Եվրոպա տնտեսական կապերի զարգացման համար, չեն կարող խոչընդոտ լինել նաև ՀՀ-ի համար»»,–փոխանցում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։