Եթե կյանքիդ պատմությունը կրկնվում է, նշանակում է` սխալ ես ապրել. ՖՈՏՈՇԱՐՔ


05:22 , 12 փետրվար, 2014

Yerkir.am-ը գրում է.

«Մի ժամանակ կարծում էի, թե արագիլներն են գարուն բերում։ Կանգնում էի մեր բակում, ցեխոտ մատներով սուլում ու ողջունում էի նրանց գալուստը: Պապս ասում էր՝ գարունը ընկնում է երկնքից, աստծու տվածն է»,-  իր պատմվածքներից մեկում /«Արագիլները վերադարձան»/ գրում է արձակագիր Ռուբեն Հովսեփյանը: Նրա համար տարին սկսվում է ոչ թե հունվարի 1-ից, այլ արագիլների, ասել է, թե` գարնան գալուն պես: Գարնան գալուն պես էլ կուտակված մտքերը շարվում են գրչի ծայրին: Սակայն սպասել գարնան գալուն` զրուցելու համար Ռուբեն Հովսեփյանի հետ, չկարողացա. անհամբեր եմ. Yerkir.am-ի զրուցակիցն է Ռուբեն Հովսեփյանը:

 -Սկսե՞նք:

 -Պատրաստ եմ, ահա, դե, կրակեցեք:

 -Ամեն տարի նոր տարուց ակնկալիքներ ու սպասումներ ենք ունենում, բայց չէ՞ որ տարին, որքան էլ նոր, միեւնույն է, նախորդի շարունակությունն է, եւ մինչեւ հնի հետ հաշիվները չպարզենք, նորից ինչ-որ բան ուզելն արդարացվա՞ծ է:

-Ամեն օրվա վերջին պետք է հաշիվ տանք մեզ, ամեն օրվա հետ պետք է մեր հաշիվը մաքրենք, քանի որ օրվա վերջը բնական վերջ է, իսկ մնացած բոլոր ժամանակահատվածներն ինձ համար պայմանական են: Ամեն երեկո պետք է մտածես, թե աշխարհի, քեզ համար օրդ ո՞նց անցավ, վերլուծել օրվա անցուդարձը, եթե կարող ես: Ես մեծ ու պայմանական ո՛չ թվարկություններն եմ ընդունում, ո՛չ էլ տարիները: Հաշվետվությունները ժամանակը կտրտելու հատկություն ունեն. պայմանականությունը բերում է ժամանակի հատվածայնության եւ կտրում է շարունակականությունը, իսկ ես շարունակականության կողմնակից եմ:

-Տեղավորվո՞ւմ եք օրվա մեջ: Ասում են` որքան տարիքդ առնում ես, այնքան, կարծես, օրը քիչ է թվում:

 -Այո, քիչ է թվում, թվալը տեղին է ասված: Եթե ամեն մեկը հիշի իր մանկության մեկ օրը, կտեսնի, թե ինչ երկար-երկար է այն /ես մի գիրք ունեմ` կոչվում է «Երկար, հրաշալի օր»/: Մանկության օրը երկար բովանդակություն ունի, քանի որ երեխան շատ ընկալունակ է` նրան երկար է թվում օրը: Մեծ տարիքում ավելի քիչ ես շարժվում, նստակյաց ես, խոհերին ես տրվում, դրա համար օրդ կարճանում է: Չնայած գուցե աշխարհում ավելին է կատարվում, քան քո մանկության տարիներին, բայց դրանք արդեն կարծես թե քեզնից շատ հեռու են կատարվում: Մանկության տարիներին ամեն ինչ հետաքրքրում է քեզ ` թիթեռը ո՞նց է թռչում, ոնց բազմանում: Մանկությունը հայտնագործությունների շրջան է, իսկ մեր տարիքում ավելի շատ դատողություններ են, մեկնաբանություններ:

 -Ժամանակը, օրվա ավարտն ինչ-որ փոփոխություն է ենթադրում, բայց վերջին շրջանում ոնց որ ժամանակը կանգնած լինի: Մի տեսակ շատ չի՞ կրկնվում ամեն ինչ:

 -Կարծես, աշխարհն ինքն էլ է ծերացել, ինքն էլ մեզ նման զբաղված է ավելի շատ վերլուծելով, քան հայտնագործություններով: Քաղաքակրթության այն աստիճանին, որին հասել է մարդը, նյութական կառույցների վիճակը չի բավարարում, այսինքն` նյութական կառույցներն էլ են ծերացել, եւ հիմա փոփոխության խնդիր է առաջացել: Քանի որ նորը քիչ է նշմարվում, մեզ թվում է` կրկնվում է, իսկ կրկնությունից վատ բան չկա: Եթե քո կյանքի պատմությունը կրկնվում է, նշանակում է` սխալ ես ապրել: Պատմությունը պետք է շարունակվի, ոչ թե կրկնվի, եթե կրկնվում է, նշանակում է` մենք մեր սխալների դասերը լավ չենք առել: 

-Մեզնից դուրս, մեզնից չկախված շա՞տ բան կա:

-Անշուշտ: Ճիշտ է, մենք շատ հարցերում ասում ենք` մենք պետք է պինդ լինենք, կարեւորը մենք ենք, բայց մեզնից դուրս ուժեր կան, հոսանքներ եւ երեւույթներ: Այդ ինչքա՞ն հզոր պետք է լինես, որ կարողանաս այդ ամենին դիմակայել: Մեծ ազգերն անգամ չեն կարողանում դիմակայել դրանց, չնայած պետք էլ չէ արդարացնել մեր թերությունները: Կարեւորը քո` պատրաստ լինելն է ամեն ինչին, ի վերջո, փոքրին էլ փոքր դիմակայությունների առջեւ է կանգնեցնում կյանքը: Մենք մենք պետք է լինենք, չդավաճանենք մեզ, որ կարողանանք դիմակայել նրան, ինչ մեզնից դուրս է: Անակնկալ երեւույթներ միշտ էլ պատահում են, եթե կարողանանք դրանց պատրաստ լինելու չափ հզոր լինել` կյանքը հիասքանչ կլինի, բայց բանն էն է, որ մեզ հատուկ, մեզ տրված խոչընդոտներին դիմադրելուն դեռ կարգին պատրաստ չենք, ուր մնաց` պատահականություններին դիմադրենք: Այ, է՛ս է ցավը:

-Երջանկության պահը կարողանո՞ւմ ենք որսալ, քանի որ այնպիսի տպավորություն է, որ սոցիալական խնդիրները երջանիկ պահերից էլ են կտրում, ասենք` երեխայիդ առաջին քայլի, լավ գիրք կարդալու հաճույքը վայելելուց:

-Ես ցավով եմ նայում այդ երեւույթին, որն, այո, գոյություն ունի: Այս մասսայական ինֆորմացիաները, ֆեյսբուքները խուճապային այն տրամադրությունը, որ մեր երկրում ինչքան ժամանակ է գոյություն ունի, իրոք, մարդու կողքից երջանկությանն անցնել են թողնում: Անընդհատ քեզ գցում են եռուզեռի մեջ, եւ երջանկության պահերի /ի դեպ, այո, դրանք պահեր են լինում, երկար չեն տեւում/ վայելքը սկսում է պակասել: Մարդն իր երեխայի առաջին բառով ուրախանալու եւ այդ պահն ապրելու պահը բաց է թողնում: Օրվա մեջ այնքան փորձանք կարող է պատահել, բայց դու պետք է ունենաս երջանկության պահը որսալու հատկություն, որ մնացած դժվարությունները հաղթահարես: Երջանկության պահերը, բարեբախտաբար, ես չեմ կորցնում. անձնական կյանքս այնպես է դասավորվել, որ գոնե մանկության հետ հարաբերվելու երջանկությունն ունենում եմ` տանը 4 տարեկան թոռնիկ ունեմ, որի ամեն մի շարժումն ինձ երջանկություն է պատճառում: Ամեն երեխայի հետ մեր լեզուն եւ մտածողությունը թարմանում է: Երջանկության պահերի համար շատ առիթներ կան, ուղղակի դրանք օգտագործել է պետք: Կյանքը միայն այն չէ, ինչ այսօր տեսնում ենք, մանավանդ` բոլորս էլ անգիր գիտենք վատ դեպքերի հերթականությունը: Այդ ինֆորմացիայի դեմ հենց մեր երջանկության պահերն է պետք ավելացնել: Ուրիշ կերպ հնարավոր չէ, մարդը չի դիմանա: Երկրի սխալ իշխանությանը, սխալ քաղաքականությանը, իշխանությունների թերություններին ու հանցագործություններին կդիմանաս, բայց երջանկության պահերի կորստին չես դիմանա:

 -Վերջերս քաղաքացիական հասարակություն ունենալու ծիլերը սկսել են հասունանալ: Հույսներս ինչի՞ վրա պետք է դնենք` քաղաքացիական հասարակության գոյությա՞ն, թե՞ այս կամ այն կուսակցության կամ իշխանության ներկայացուցչի:

-Ես վաղուց եմ քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ կայացման կոչն արել: Հասարակարգի փոփոխման համար դա շատ կարեւոր է: Այս վերջին հանրահավաքը, որ կազմակերպել էին «Դեմ եմ պարտադիր կենսաթոշակայինին» երիտասարդները, շատ ուրախացրեց: Եթե ոտքս չցավեր, ես այնտեղ կլինեի: Ես տեսա, որ այս տղերքը խոսել գիտեն, համարձակ են, առողջ, նպատակասլաց, աչալուրջ: Երբ կուսակցական ընկերներից մեկն իր կոչն արեց, նրանք տեղնուտեղը խլացրին վերջինիս ձայնը` վանկարկելով իրենց կոչը ` դա ինձ շատ դուր եկավ: Առողջ մտածող երիտասարդներ են, եւ ոչ թե նրա համար, որ ամբիցիայի համար են կռիվ տալիս, այլ գիտակցում են` սա մեր շարժումն է, մենք մեր կոչով ենք եկել, ձեր քաղաքական եւ կուսակցական կոչը մի խառնեք այս ամենին: Ուզում եմ` հանկարծ չխանգարեն նրանց, միայն այս շարժման զարգացումն է փրկելու երկիրը, կուսակցություններին թարմացնելու եւ զգոնության կոչ անելու:

-Այն, ինչ կատարվում է, չի՞ փաստում, որ մեր վերեւները ոչ միայն քաղաքացու պատրաստմանը չեն նպաստում, այլ, կարծես, ամեն գնով ցանկանան ճնշել անհատին, անհատականությանը:

-Ինձ թույլ չեմ տա ասել, թե դիտմամբ է արվում, քանի որ, եթե այդպես մտածեմ, պետք է ավտոմատն առնեմ ձեռքս ու գնդակահարեմ ոմանց:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ