18:04 , 11 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը կրում է գերագույն քաղաքակիրթ գենը, սակայն այժմ ստիպում են, որ վայրենանա: Tert.am-ի հետ զրույցում անվանի երաժիշտն անդրադառնում է երեկ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» օպերայի տապալմանը. ի նշան բողոքի՝ դերակատարները բեմ չէին բարձրացել և միացել էին Օպերայի դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների դեմ հանդես եկող «Դ!ԵՄ եմ» նախաձեռնության անդամներին:
-Ձեր կարծիքով արդարացվա՞ծ էր նրանց այդ քայլը:
-Այս խնդիրը շատ ավելի լուրջ է: Մեր հանրապետությունը շատ-շատ խնդիրներ ունի, որոնցից մեկը և օպերան է: Այն առանձին վերաբերմունք և առանձին լուծում է պահանջում: Իհարկե՛, շատ վատ է վիճակը: Մարդիկ այդպես չեն կարող աշխատել, այդ ամենին գումարվում է մի փոքրիկ՝ նույնիսկ չնչին խնդիր, և մարդիկ արդեն ըմբոստանում են: Եթե, իհարկե, նրանց վիճակը նորմալ լիներ, նրանք չէին ընդվզի, կմտածեին ապագայի մասին:
-70 հազար դրամ աշխատավարձ ստացող երգչից պահումներ են անում: Ճի՞շտ է դա:
-Միայն երգիչների մասին չէ խոսքը: Երգիչ լինի, թե բալետի պարող՝ նրանք այնքան էներգիա են ծախսում, որ այդ գումարների մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Աշխարհում չկան նման թվեր, գոյություն չունեն: Այս հարցերին պետք է գիտականորեն վերաբերվենք, ոչ թե էմոցիոնալ: Էմոցիոնալ տեսակետից չենք ասում, թե օպերային երգիչը պետք է շատ գումարներ ստանա: Բոլորովին ոչ: Պարզապես նրա մարզական վիճակը պահելու համար ավելի շատ միջոցներ են պետք, առավել ևս, որ այս վերջին ժամանակներում սկսեցին ստիպել ավելի շատ ներկայացումներ տալ և այլն: Բնականաբար, այդ մարդիկ չեն կարող իրենց կյանքն ապահովել այդ գումարով, և 5000 դրամն արդեն երևացող գումար է նրանց համար: Եթե 200-300 հազար դրամից 5000 դրամ պահվեր, դա երևի թե խնդիր չէր լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ իրոք աշխատավարձերը չեն համապատասխանում կյանքի մակարդակի և ընդհանրապես պահանջների հետ: Բոլորովին չեն համապատասխանում: Այսօր սննդի գները և մնացած ծախսերն են բավական բարձր: 70 հազար դրամն ընդամենը 2 օրում ծախսելու գումար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ