12:55 , 11 փետրվար, 2014
Հետաքրքիր իրավիճակ է հասունանում, որի մեջ մի կողմից ներգրավված են Սահմանադրական դատարանը, իսկ մյուս կողմից Կենտրոնական բանկն ու կառավարությունը:
Բանն այն է, որ կուտակայինի մասին օրենքի որոշ դրույթների կասեցումից հետո, ԿԲ-ն և մի շարք նախարարներ, սկսեցին ուժասծիկներ պատմել ու քողարկված սպառնալիքներ հնչեցնել այն գործատուների հասցեին, ովքեր համարձակվում են պահումներ չանել իրենց աշխատակիցների աշխատավարձերից:
Առավել աչքի ընկավ ԿԲ-ն ու սոցապ նախարարը, ովքեր, ըստ էության, ասում էին մոտավորապես հետևյալը. ՍԴ-ն ոչ թե օրենքն է կասեցրել, այլ դրա որոշ դրույթներ, գործատուները, այնուամենայնիվ, պետք է պահումներ անեն, որովհետև եթե հիմա չանեն, իսկ մարտին օրենքը ուժի մեջ մտնի, ապա միանգամից մի քանի ամսվա պահումներ պետք է արվեն:
Այս առնչությամբ հետաքրքիր մեկնաբանություն է տվել ՍԴ ներկայացուցիչ Առուշան Հակոբյանը, ում ասածից դուրս է գալիս, որ թե՛ ԿԲ-ն, թե՛ սոցապ նախարարը և թե՛ բոլոր նրանք, ովքեր կիսում են ԿԲ-ի դիրքորոշում, գլուխները պատով են տվել, ընդ որում՝ 2 անգամ են գլուխները պատով տվել:
Նախ, գլուխները պատով են տվել, որովհետև, մեջբերում եմ.
«ՀՀ օրենքով ՍԴ որոշումները մեկնաբանելու իրավունք որեւէ մեկին տրված չէ»:
Հետո, գլուխները պատով են տվել, հայտարարելով, որ եթե օրենքը ուժի մեջ մտնի, պետք է միանգամից մի քանի ամսվա աշխատավարձերից պահումներ անեն, որովհետև, ինչպես նշել է Առուշան Հակոբյանը, մեջբերում եմ.
«Կենտրոնական բանկում ով որ դա արել է, նվազագույնը ոչ միայն ՀՀ օրենքների, այլ նաեւ սահմանադրական համապատասխան սահմանումներին է դեմ գնացել: Որովհետեւ որեւէ գործատու, որեւէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարելու: Դա արգելված է օրենքով, իսկ նրանք հայտարարում են, թե հետո կարող են: Երկրորդ՝ նրանց ի՞նչ գործն է մեկնաբանել, թե Սահմանադրական դատարանը 2 ամիս հետո, 3 ամիս հետո ինչպիսի որոշում կկայացնի, ըստ այդմ էլ, կշարժվենք, եթե այսպես լինի, այսպես կանենք: Ոչ մեկը չի կարող երեք ամսվա աշատավարձերից միանգամից պահումներ կատարել: Այդպիսի իրավունք ոչ մեկին տրված չէ»:
Այսքանից հետո ԿԲ-ն էլ, լոթի-փոթի փրթող նախարարներն էլ լավ կանեն այլևս ելույթներ չունենան ու կուտակայինի մասին իրենց վարդագույն երազանքների մասին մոռանան: