Գյուղնախարարության և ֆերմերների միջև վեճը թեժանում է. պատճառը ցորենի անորակ սերմացուն է


12:06 , 11 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Կար մի ընթացք, երբ Հայաստանում ցորենի ցանքատարածությունները 129 հազար հա-ից հասել էին 75 հազար հա-ի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Նրա խոսքով՝ 2010 թվականին Հայաստան է ներկրվել 1010 տոննա ցորեն: Խմբաքանակը բաժանվել է Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի 114 գյուղացիական տնտեսություններին: «Իսկ ահա 2011-ին Հայաստան է ներկրվել 1150 տոննա ցորեն, որից 50 տոննա սերմացու հատկացվել է ԼՂՀ-ին»,- ասաց նա:

Սամվել Գալստյանը նշեց, որ 2013-ին երկրում արտադրվել է 72 հազար տոննա ցորեն, իսկ ներկայումս ՀՀ-ում ցորենի ցանքատարածքները կազմում են 102 հազար հա: 

Անդրադառնալով շահառուներից ոմանց դժգոհություններին, թե՝ սերմացուն չի համապատասխանում ներկայացված չափանիշներին, գյուղատնտեսության նախարարի տեղակալը նշեց, որ նրանք ցորենը ստացել են անմիջապես վագոնից՝ տեղ հասնելուն պես: 

«Սերմացուի՝ մեկին երկու խմբաքանակ չվերադարձրած դժգոհ մարդկանց դեմ մենք էլ քայլեր ենք ձեռնարկելու. դատի ենք տալու նրանց: Ոչ ոք նրանց չի ստիպել սերմացու ստանալու պայմանագիր կնքել, գործարքը կատարվել է կամավորության սկզբունքով»,- ասաց Սամվել Գալստյանը:

Ասուլիսին ներկա ֆերմերներն իրենց հերթին նշեցին, որ գյուղնախարարության տրամադրած սերմացուն նվազ բերք է ապահովել, շատ դեպքերում ցորենի ցողունն այնքան ցածր է եղել, որ կոմբայնը չի կարողացել հնձել բերքը: 

«Կոնկրետ Արարատյան դաշտում այդ սերմացուն բերք չի տվել: Փաստորեն, նախարարությունը խաբել է մեզ: Բացի այդ, սերմացուի գինը գյուղնախարարությունն իջեցրել է ոչ թե իր ցանկությամբ, այլ ՄԻՊ-ի միջամտությամբ»,- ասացին նրանք:

Ֆերմերներից մեկը նույնիսկ նշեց, որ պարտքը մարելու համար ստիպված է վաճառել իր տունը: