21:53 , 10 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ադրբեջանական կողմը, անտեսելով օլիմպիական հրադադարի ռեժիմը, շարունակում է կրակել ինչպես ղարաբաղա-ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, մինչդեռ ղարաբաղյան կողմը ձեռնպահ է մնում հակառակորդին պատասխանելուց՝ դրան դիմելով խիստ անհրաժեշտության դեպքում: «Հակառակորդը կրակում է, սակայն ոչ նախկին ինտենսիվությամբ»,- ասաց Սենոր Հասրաթյանը:
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Մովսես և Կարմիրաղբյուր համայնքների գյուղապետերն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրին, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմից կրակոցներ համարյա չեն եղել:
Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանն, օրինակ, նշեց, որ վերջին օրերին իրենց մոտ խաղաղ է: «Անգամ գիշերը չեն կրակել, հանգիստ վիճակ է: Մեկ-մեկ դիրքային կրակոցներ են լինում, դա էլ երեք օր առաջվա դրությամբ: Բայց գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան»,- ասաց նա:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղի ուղղությամբ վերջին մի քանի օրերին կրակոցներ չեն հնչել: «Նորմալ է, կրակոցներ չկան: Միաժամանակ, դիրքային փոխհրաձգություն եղել է, ընդ որում՝ առաջինը կրակել են ադրբեջանցիները: Շատ դեպքերում մեր կողմից պատասխան չի եղել»,- ասաց Արարատ Ավալյանը:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդարյանը ևս նշեց, որ իրենց համայնքում արդեն մի քանի օր է՝ կրակոցներ չեն եղել: «Չհաշված դիրքերի ուղղությամբ հնչած կրակոցները՝ գյուղում վիճակը խաղաղ է»:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գրեթե ամեն գիշեր ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: «Հակառակորդն առավել ակտիվ կրակում է Արցախի ուղղությամբ: Հայկական կողմը զերծ է մնում պատասխանից»,- ասաց նա: