14:28 , 10 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքների շնորհանդեսի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ստացված արդյունքները, որոնք վկայում են, որ Հայաստանում մեդիա շուկան ծայրահեղ հագեցած է, ինչը լրջորեն ու բացասաբար ազդում է մեդիա դաշտի վրա:
Նշենք, որ հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Ինտերնյուս Նեթուորքը»:
Հետազոտությունն իրականացվել է 2013 թվականի ընթացքում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:
Հետազոտության բաղադրիչներն են`
1.Սոցիոլոգիական հարցում, որը Երևանի և մարզերի 1403 տնային տնտեսությունների շրջանում կատարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը: Հարցման նպատակն է եղել հայաստանյան հասարակության մեդիա նախապատվությունների, ներառյալ` մեդիա բովանդակության, ձևաչափի և սեփականության նրա ակնկալիների, ինչպես նաև հանրային վստահության և ԶԼՄ-ների ազատության և գրաքննության ընկալումների ուսումնասիրությունը:
2. Հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում, որն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը` պարզելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ժանրային և թեմատիկ նախապատվությունները:
3. Փորձագիտական հարցում Դելֆի մեթոդի օգտագործմամբ, որն իրականացվել է երկու փուլով` Հայաստանի մեդիա համայնքի զանազան ոլորտների 21 փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև չորս թեմատիկ կլոր սեղաններ` մասնակիցների առավել լայն ընդգրկմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ