«Կանաչ սոցիալիստների» դեմ ռազմական գործողութուններին սկսել է մասնակցել բրիտանական թագավորական օդուժը


14:38 , 10 փետրվար, 2014

Լիբիայի հարավ-արևմուտքում գտնվող Սաբհայի շրջանում սկիզբ առած կադդաֆիականների դիմադրության շարժումը, թվում է, թևակոխում է ավելի կազմակերպված և արդյունավետ զինված պայքարի նոր փուլ: Համենայն դեպս, դրա մասին է վկայում վերջին օրերին տարածվող այն տեղեկատվությունը, ըստ որի, «կանաչ սոցիալիստների» դեմ ռազմական գործողություններին սկսել է մասնակցել ոչ ավել, ոչ պակաս, բրիտանական թագավորական օդուժը: 

Չնայած միջազգային լրատվամիջոցներում փորձ է կատարվում Լիբիայի հարավում դեռևս այս տարվա հունվարից զգալի հաջողություններ գրանցող «Կանաչ դիմադրության» գործողությունները ներկայացնել որպես բացառապես հարավլիբիական միջցեղային բախումների դրսևորումներ, իրականում թե՛ շարժման խորհրդանիշները, և թե՛ հռետորաբանությունն ապացուցում են, որ փաստացիորեն գործ ունենք կադդաֆիամետ ուժերի ռազմաքաղաքական ռևանշի կազմակերպված փորձի հետ: 

Այս առումով, կարծես, «մարգարեական» է դառնում Լիբիայի սպանված առաջնորդ Մուամմար Կադդաֆիի «ինձ սպանելն անհնար է, ես միլիոնների սրտերում եմ» հայտնի թևավոր խոսքը: