13:44 , 10 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ժնևում փետրվարի 10-ին մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի միջնորդությամբ: Այս մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունն Արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմի գլխավորությամբ փետրվարի 9-ի կեսօրին հասել է Ժնևի օդանավակայան: Արաբական մեկ այլ աղբյուր նշում է, որ Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության կազմը գրեթե չի փոխվել:
Ավելի վաղ Սիրիայի պատվիրակության անդամ Ֆեյսալ ալ Միկդադը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը որոշել է մասնակցել միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլին:
Բանակցությունների անցկացմանը կրկին կօգնեն ՌԴ և ԱՄՆ փորձագետները:
Ավելի վաղ ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի բանագնացը հույս էր հայտնել, որ բանակցությունների երկրորդ փուլը կլինի կառուցողական: