... Օրհնյալ էր օրը


11:30 , 10 փետրվար, 2014

Արդեն ժամհարելու ժամանակն էր: Քանի՜-քանի՜սն էին մի կերպ գլորել գիշերվա ծանր մութը, մինչ լույսը կբացվեր, որ կրկին լսեին զանգերի կանչող ձայները ու քանի-քանիսի դռներն էին ծեծել գիշերահած ստվերները՝ սիրտ ու հոգի տակնուվրա անելով, ու արդեն ժամն էր. նա էլ շտապում էր տաճար...

Դրսում՝ պատուհանների տաք շնչին նստած, ձյունն էի դողդողալով մաքրում: Մտքիս անկյուններում ինչ-որ երգի տողեր էին արձագանքվում, ցուրտն էի ուզում հեռու վանել ցավից կծկված մարմնիցս, բայց չէր ստացվում: Այդ պահին օդը տատանող մի ջերմ ալիք հասավ թիկունքիս, շրջվեցի. իմ սիրելի քահանան էր՝ տեր Գրիգորը: Այդ ծերունին մարդկանց ցավերն ու խիղճը առած ուսերին, ցրտահար վաղորդյանի օդը ճեղքելով՝ նորից իջնում էր փողոցն ի վար՝ Տիրոջ լուսակաթ շողերից փնջելու և հավատավորներին բաժին անելու: Նա շտապում էր այնտեղ, ուր դարեր առաջ իր մահկանացուն էր կնքել Հռիփսիմյան կույսերից մեկը՝ Մարիանեն: Քայլերն արագ էին ու մանր: Շտապողականության ու դեմքի աննկարագրելի զվարթության միջից ծով օրհնություն բաշխեց խնդրյալիս: Լուսավորվեցի, տաքացա: Կարեկից և իմաստուն աչքերը լայն ճակատի կնճիռների տակից սեր ու հավատք էին թարթում բոլորին՝ թոթափելով թերթերունքերին իջած սառցե բյուրեղիկները: Սիրտը երկնային սիրով էր զարկում, բարություն ճառագում: Հենց այդ սրտով ու սուրբ խաչի զորությամբ էր նա միշտ հույս ու սեր սերմանում, հավատք զորացնում, անթիվ անգամներ չարի ընկած ու գարշելի բանակներ ջախջախում: Նա այնքան սիրված էր ու կարևոր փողոցում ծվարած օջախների ծուխը քրիստնեավայել ծխեցնելու, լուսավոր պահելու համար:

Մինչ սքեմի սևը հակադրվելով ձյան ճերմակի հետ՝ ցրտին հակառակ իր վեհությունն ու կարևորությունն էր ապացուցում, նա իր խորհրդին էր շտապում. դա ուրիշ ու երկար տարիներով կոփված ուխտ էր: 

Սքեմի սևը հեռվում թրթռաց, մերվեց փողոցի ճերմակին: Ուրեմն իմ ժամն էլ էր եկել: Թողնելով ամեն բան ես էլ արագ քայլերով իջա փողոցն ի վար: Փողոցի վերջում, որտեղ նշմարվում էին ձյունածածկ սոսիներն ու գիհիները, աղոթքը իջավ դողացող շուրթերիս: Նույնիսկ տաճարի կողքին սփռված ու ծառերի վրա ծանրացած ձյունն էր աղոթք շողացնում դեպի վեր՝ դեպի երկնային սրբություն: Տաճարի կողքին ծաղկած դարավոր դամբանաքարերն էին վկայում բարձրյալի գոյությունը և օրվա խորհրդի կարևորությունը: 

Օրն օրհնյալ էր: Արևի ծույլ շողերն էին խաղում ձյան բյուրեղների հետ: Ծառերը կքվել, խոնարհվել էին ոչ թե ձմռան մաղած բեռից, այլ տաճարի սրբության առաջ, պատկառելի սքեմավորի և նրա ծառայած տարիների առաջ: Նա՝ ալեզարդ գլուխը երկինք դարձրած, արդեն հուշիկ քայլերով դեպի տաճարի դուռն էր գնում: Ձյան վրա խորացող հետքերին փառավորման, ապաշխարության աղոթքներ էր թողնում իր հոտի համար: Մարդիկ՝ առանձին-առանձին խմբերի բաժանված, հավաքելով աղոթքները, զվարթացած հոգիներով տաճար էին մտնում ու օրհնություն քաղում սքեմից իրենց պարզված աջից: 

Ժամն էր արդեն, երբ ի վերջո խախտվեց ձմեռային ցուրտ անդորրը: Զորավոր ու սուրբ փոթորիկ անցնավ սուրբ քաղաքիս վրայով: Հինգ տաճարների զանգակատներն էին կենդանի ժամհարում. կյանքն էին նորոգում, հույսի ու սիրո հունդեր ցանում երկրի անդաստաններում: Իսկ տաճարում փառավոր «Հայր մեր»-ի տաղերգությամբ նոր պատարագ է մատուցվում:

Բարի էր օրը և խնկաբույր...

Այդ օրն էլ խոնարհվեց: Պատուհանի մոտ կանգնած ձյան փաթիլներն էի փորձում համրել, ինչն անշուշտ հասու չէր մահկանացուիս: Ու մինչ դրսում ցուրտն էր թանձրանում, ես իմ անիմաստ խառնաշփոթի մեջ նկատեցի փողոցի ճերմակից պոկվող սևը: Նա էր՝ իմ, բոլորիս քահանան: Նույն արագ ու մանր քայլերով նա տուն էր դառնում ՝ փողոցն ի վեր բարձրանալով: Բարի եղավ օրը: Ձյան հետ օրհնություն էր մաղում խաղաղ քաղաքիս սրբությունների վրա, իսկ տանս անկյուններում մի կիսաաղոթք.

Մեղքն է ճռճռում տաճարի կողքին,
Զղջման շտապող ոտնահետքերին
Ու կասկածանքով սիրտ է սողոսկում,
Բարձրանո՜ ւմ,
Դողո՜ ւմ մեղավոր շուրթին:
Քամին է առնում փոշին վանքերի,
Թերթերին խառնում՝ ձյան փաթիլների,
Անշտա՜ պ,
Հուշի՜ կ մաղում վերևից.
Թո՛ղ պատարագն այս վերջին չլինի:
Իրականության փորձող ժամերին
Մեղքերն են ճոճվում սառած ճյուղերին,
Լոկ երազում է ցուրտ ձմռան կեսին
Ծաղկունքն օրորվում խաչաքարերին:
Ցուրտն է ճռճռում սուրբ գմբեթներին,
Ներսում մոմերն են աղոթքներ մանում,
Մեղավոր շուրթին դողացող հույսից
Ապաշխարանքի շունչն է թանձրանում...

Նելլի Ռումել
Նյութը ներկայացված է «ՆԱ ՔԱՀԱՆԱ Է» 
մրցույթի շրջանակներում: