Պահանջվում է հակաթույն


12:31 , 28 հունիս, 2012

Հայերը սիրում են լսել սահմռկեցուցիչ, վախ և սարսափ առաջացնող լուրեր: Հիմնականում մարդկանց ուշադրության կենտրոնում են գտնվում այն իրադարձությունները, որոնք չափից դուրս բացասական են, նողկալի և տհաճ թե աչքի, թե ականջի համար:

 

Բերքառատ և ծաղկող այգի ունենալու համար բանիմաց այգեպանը հատուկ թունավոր նյութով պատում է մրգատու ծառերի մակերեսը, որպեսզի միջատները չկարողանան փչացնել բերքը և վնաս չտան ծառին: Իսկ ի՞նչն է խանգարում այդպիսի մի լուծույթով պատել ինքներս մեզ և այն լրատվական աղբյուրները, որոնցից մենք ամեն օր ստանում ենք տեղեկություններ, որ վերջապես ազատվենք նման լուրերից և այդ լուրերի միջոցով գումար աշխատող «երևույթներից»: Դե, Հայաստանում վաղուց արդեն մոդայիկ է «բրենդ» հասկացությունը, որը վերաբերվում է մարդկանց անուն-ազգանուններին: Այս չստացված «բրենդ-երևույթը» ներխուժեց մեր կյանք և ստանալով արտոնություններ «բարձրյալների» կողմից, ոտքը պնդացրեց և շարունակում է ծառը թունավորող որդի պես փչացնել մեր կյանքը:
Չեմ հիշում ինչպես, երբ և ոնց Գագիկ Շամշյանը հայտնվեց կայքերից մեկում, բայց միայն այս անունը գրելն արդեն տհաճ է ինձ համար: Մի՞թե հայ ազգն այնքան է էժանացել, որ սենսացիոն նորություն լսելու համար պատրաստ է այս անգրագետ, բռի, ինքնահավան մարդու ներկայությունը հանդուրժել լրագրողական հարթակում: Փաստորեն` այո: Ավելին ասեմ: Այս «երևույթին» տրամադրեցին նաև եթեր` նախկինում ինձ համար լավագույններից մեկը համարվող հեռուստատեսություններից մեկում: Նորմալ, իր գործին նվիրված մարդը կօգտվեր այդ հնարավորությունից, և ոչ բարով ֆոտոլրագրողից հաղորդավար դառնալու ճանապարհին կփորձեր գոնե մի քիչ աշխատել իր վրա, շտկել լեզվական խնդիրները, հարստացնել բառապաշարը… Այո, Շամշյանը հարստացրեց իր բառապաշարն էլ ավելի ժարգոնային բառերով, արտահայտություններով, որոնք հիմա ավելի վստահ է օգտագործում:

Շամշյանը ներկայացնում է… Շամշյանը պատմում է…Շամշյանը..Շամշյանը…
Ոչ, ոչ ու էլի ոչ:Շամշյանը չի կարող ներկայացնել կամ պատմել: Նա միայն գումար է աշխատում մարդկանց դժբախտությունները լուսաբանելու(այս դեպքում ճիշտ կլիներ նոր տերմին հնարել և օգտագործել `մութաբանելու) և ահավոր լուսանկարներ տեղադրելու միջոցով: Գոնե մեկ անգամ ափոսոսանքի, կարեկցանքի մի գրամ նկատե՞լ եք նրա խոսքերում: Մեր առջև ռոբոտ է, որի համար որքան պատահարը արյունոտ է և զոհերով լի` այնքան լավ:Չհավատաք: Նա չի ցավում ոչ խոշտանգումների ենթարկված տատիկների, ոչ ծեծված բժիշկների և ոչ էլ ավտովթարի զոհ դարձած մանուկների համար: Հիշու՞մ եք, վերջերս մի մարդու հաջողվել էր փրկել երիտասարդ աղջկա կյանքը, ով ցանկացել էր իրեն նետել կամրջից: Շամշյանը տխուր էր, Շամշյանն ափսոսում էր, որ ԻՆՔԸ չէր եղել այդ կամրջի վրա այդ օրը, այդ ժամին…Ախր կնկարեր ընկնելու պահը…
Այս «մարդու» տեսախցիկն այնքան է սովորել նմանատիպ տեսարաններին, որ եթե չի կարողանում մահացած մարդ նկարել, նա շանն է նկարում` թաթախված արյան մեջ: Ու թքած, որ շատ մարդիկ նման տեսարանից հետո չեն կարողանա քնել:
Կյանքն ինքնին բարդ է, հոգսերով լի: Եվ ապա ինչու ենք նման ցածրարժեք մարդկանց թույլ տալիս էլ ավելի պղտորել մեր առօրյան: Մնում է չբացահայտված…