Եվրամիությունը սիկտ..րի ճամփին


14:58 , 9 փետրվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Կիրակնօրյա նոթեր

 Անցյալ տարի Ռուսաստանն ապաստանեց Էդուարդ Սնոուդենին, ով բացահայտել էր, որ ամերիկացիները լրտեսում են բոլորին՝ առանց միջոցների խտրության։ Մի քանի օր առաջ ինքը՝ Ռուսաստանը, առանց կողմնակի «սնոուդենների», փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի միջոցով «Յուտուբ» «հեղեց» ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի հեռախոսազրույցը։ Նուլանդն ուրախությամբ հայտնում է Պյատին, որ ՄԱԿ-ը պատրաստ է գործել Ուկրաինայում, դա թույլ կտա «սիկտ.. անել ԵՄ-ը»։

 Մեդիան քննարկում է սկանդալը։ Թեկուզ աշխատանքային մասնավոր հեռախոսազրույցում՝ ամերիկյան բարձրաստիճան դիվանագետը ոչ դիվանագիտական բառապաշար է օգտագործել, մեղմ ասած։ Զարմանալի է, բայց համարյա չի քննարկվում, թե ինչ մղումներով է տիկին Նուլանդը Եվրամիությանն «ուղարկել» ռուսաստանյան Սիկտիվկար քաղաքից էլ հեռու մի տեղ։

 Վերջին շաբաթների զարգացումները ցույց տվեցին, որ ուկրաինական հեղափոխությունը տեղապտույտի մեջ է։ 2013-ի նոյեմբերին Յանուկովիչը Մոսկվայի թելադրանքով եվրոպացիներին առանձնահատուկ նենգությամբ՝ վերջին վայրկյանին «սիկտ..ր արեց», ինչը ուկրաինացիները նրան չներեցին։ Հունվարին օր-օրի սրվող իրավիճակում, ըստ ամենայնի, Պուտինի նոր հրահանգն էր՝ ժամանակ շահել մինչև Սոչիի օլիմպիադայի սկիզբը, որն արդեն Յանուկովիչը հաջողությամբ կատարեց։

 Օլիմպիադան սկսվեց։ Մի քանի բառով՝ բացման արարողության մասին։ Անուրանալի է, որ եթե Պուտինը ձգտել էր շքեղության, շքեղության տպավորությունը կար։ Բայց, նախ, բուն արարողության գաղափարը «թխված» էր լոնդոնյան օլիմպիադայից, երկրորդ, ի տարբերություն «բնօրինակի», լռության էին մատնված Ռուսաստանի պատմության բոլոր «սև» կամ ողբերգական էջերը, իսկ հեռուստամեկնաբանության պաթոսը կսազեր XX դարի 30-ական թթ.-երին։ Ծախսերի մասին շատ է խոսվել, բայց մի համեմատություն էլ արժի անել. ծախսվել է տասն ավելի փող, թեև Ռուսաստանի բյուջեն 2,2 անգամ փոքր է, քան Մեծ Բրիտանիայինը։

 Սրա ակունքը սովետական ծագումով չտեսների անլիարժեքութան բարդույթն է, խրուշչովյան «հասնել և անցնել Ամերիկային» կարգախոսի ցնորամտությունը… «Հասնել և անցնել ԱՄՆ-ին», որի բյուջեի դեֆիցիտն էսօր երկու անգամ ավելի մեծ է, քան Ռուսաստանի… ամբողջ տարեկան բյուջեն։

 Ի դեպ, 51 միլիարդ դոլարը, որը Ռուսաստանն ուղղել էր աշխարհը զարմացնելուն, հավասար է 2013 թ. բյուջեի «ազգային տնտեսություն» հոդվածի գումարին (1,7 տրիլիոն ռուբլի)։ Այսինքն, էդ գումարով կարելի էր արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ֆինանսները կրկնապատկել։ Բյուջեի խելամիտ տնօրինման դեպքում աշխարհը կհիացներ ռուսական տնտեսության թռիչքը, ոչ թե մի երկու ժամանոց շոուն։

 Օլիմպիադայի բացման արարողությանը Սոչի եկավ ու Պուտինի հետ հանդիպեց  Յանուկովիչը։ Զրույցի բովանդակությունը գաղտնի է պահվել. պետք է ենթադրել, որ Պուտինի հաջորդ առաջադրանքն է՝ դիմանալ մինչև օլիմպիական խաղերի ավարտը։ Մեծ հավանականություն կա, որ Յանուկովիչին դրդելու են դրանից հետո անցնել բռնության, ինչ հետևանքներ էլ որ լինեն։

 Մինչև իր հաջորդ հավակնոտ ծրագիրը՝ Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, 4 երկար ու ձիգ տարի կա, և Պուտինի Ռուսաստանը կարող է առժամանակ թքել միջազգային հանրային կարծիքի վրա և օժանդակել ուկրաինական իշխանությունների բռնություններին։ Ցանկացած ուրիշ տարբերակում խաղը Ռուսաստանի համար տանուլ է տրված։

 Սա նշանակում է, որ սկսվել է ուկրաինական հեղափոխությունը խեղդելու փորձի հետհաշվարկը՝ 15 օր,14, 13, 12, 11, 10, 9…

 Ըստ իս, սա է, որ հասկանում ու շտապում է քայլեր անել ԱՄՆ-ը, բայց չեն հասկանում կամ թերագնահատում են մի անգամ «սիկտ.. արված» եվրոպացիները, որոնք մեղմորեն համոզում են Յանուկովիչին ընդունել Մայդանի օրակարգը։

 Ինչ չափով են էս գործընթացները վերաբերում մեզ։ Կարծիքներ են հնչում, թե Մայդանում որոշվում է Հայաստանի բախտը։ Մեծ հաշվով՝ այո. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էսօր գծում են Ռուսաստանի արևմտյան նոր «սահմանները», էդ թվում՝ Հարավային Կովկասում։ Գիծը մեր երկրին կհասնի, եթե հայ ժողովուրդն էլ Սերժ Սարգսյանին պատժի՝ Պուտինի թելադրանքով եվրոպացիներին առանձնահատուկ նենգությամբ՝ վերջին վայրկյանին «գցելու» համար։ Հակառակ դեպքում մեզ ոչ ոք «բախտ» նվեր չի տա, ու Հայաստանը կշարունակի ընթանալ դեպի Ռուսաստանի «գուբերնիայի» կարգավիճակը։

 Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ամենահրատապ կոչն է, որ էսօր կարող է հնչել Հայաստանում, բայց՝ որպես քաղաքական ծրագրի մի մաս, այլ ոչ թե՝ գզվռտոց Եվրասիական միությունն օրհնող ընդդիմադիր-չընդդիմադիր կուսակցությունների միջև։ Այլապես՝ ինչ տարբերություն, թե ով է Ռուսաստանի հայկական «գուբերնիայի» ղեկավարը:

 Օլիմպիադայի խորհրդանիշը հինգ օղակներն են, որ նշանակում են հինգ մայրցամաք։ Սոչիում, բացման արարողությանը, հինգ հսկայական լուսօղակներից մեկը չբացվեց։ Հետաքրքիր է, իհարկե, ո՞ր մայրցամաքի։ Բոլոր նշանները կան, որ դա Եվրասիական միություն «մայրցամաքի» օղակն էր, դեպի ուր քարշ են տալիս Հայաստանը իշխանությունը զավթած անձինք։