00:34 , 9 փետրվար, 2014Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանն այսօր դարձավ 129 տարեկան: Բանաստեղծը ծնվել է 1885 թվականին Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում:
1897 թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թ. Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած մտավորականների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թ., այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908 թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թ. «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1916 թ. Վահան Տերյանի մոտ ի հայտ են գալիս թոքախտի առաջին նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։
1917 թ. հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919թ.-ին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թ. հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։
Բանաստեղծություններ
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։
Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։
Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։
Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դուն։
Մենության խավար
Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…
Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։
Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։
Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…
Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…
ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ
Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…