Ամերիկաբնակ հայ երգիչ Հարութ Փամբուկչյանին՝ Ձախ Հարութին, մեղադրում են գրագողության մեջ: Kurdist.ru կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում երգչին մեղադրում են քրդական ժողովրդական երգերը գողանալու, դրանց մոտիվների հիման վրա երգեր գրելու մեջ: Նույն կայքը երգչի մի շարք երգեր` «Արդարության զինվոր», «Ջան ֆիդայի», «Մշո դաշտեր», «Մշո աղջիկ» և այլ գործեր վերագրում է քրդերին: Կայքը հատկապես պնդում է, որ նրա հայտնի «Հայ քաջեր» երգը գրված է քրդական «Lawo, destê min berde» երգի մոտիվների հիման վրա: Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Հարութ Փամբուկչյանի հետ, բայց առայժմ ապարդյուն:
Թեմայի շուրջ զրուցեցինք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ, ով, լսելով, որ քրդերը մեղադրում են մեզ գրագողության մեջ, կտրուկ արձագանքեց. «Ղալաթ են անում»:
Նրա պարզաբանմամբ, մշակութային նույն արեալում գտնվող ազգերի մոտ անհնար է, որ մշակութային ներթափանցումներ չլինեն: Իսկ այս դեպքում պնդել, որ հայերը քրդերից երգեր են գողացել, առնվազն հիմարություն է. «Մեր մշակութային ժառանգությունը` մասնավորապես երգերը, ունեն գրավոր վկայություններ, ինչը չենք կարող ասել քրդերի մշակույթի մասին»,-նկատեց նա:
