Կատարը և Սաուդյան Արաբիան մրցապայքարի նոր թատերաբեմ են ընտրել՝ ի դեմս Հորդանանի


21:52 , 7 փետրվար, 2014

Ասում են՝ Կատարը և Սաուդյան Արաբիան, ձախողելով Եգիպտոսում և Սիրիայում իսլամականներին իշխանության բերելու սցենարները, մրցապայքարի նոր թատերաբեմ են ընտրել՝ ի դեմս Հորդանանի: Ինչպես վերոնշյալ դեպքերում, ավանդաբար Դոհան պատրաստվում է աջակցել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հորդանանյան թևին, իսկ Էր-Ռիադը, որպես հակակշիռ, սալաֆիական խմբավորումներին: Ինչ խոսք, դրա համար անհրաժեշտ գոնե ներքին նախադրյալները Հորդանանում առկա են: Երկիրը գտնվում է բավականաչափ խրթին սոցիալ-տնտեսական վիճակում, սիրիացի փախստականների հոսքերի պատճառով թագավորությունը կանգնել է լուրջ դեմոգրաֆիական և հումանիտար խնդիրների առջև, իսկ սիրիահորդանանյան սահմանը, որն արդեն տևական ժամանակ արտաքին ուժերի կողմից օգտագործվում է սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող տարաբնույթ խմբավորումներին նյութատեխնիկական և մարդկային ռեսուրսով ապահովելու համար, կարող է նույն նպատակներով օգտագործվել նաև հենց հորդանանյան իշխանությունների դեմ. միակ էական խոչընդոտը, թերևս, կարող է հանդիսանալ արտատարածաշրջանային ուժերի շահագրգռվածության բացակայությունն: Այս պարագայում, նախ և առաջ, Հորդանանի արտաքին քաղաքականությունը որևէ կերպ չի հակասում Արևմուտքի շահերին, և երկրորդ՝ Սիրիայում, Իրաքում նաև Լիբանանում ստեղծված բարդագույն իրավիճակներին զուգահեռ արտաքին ուժերին լարվածության նոր օջախի առաջացումը Մերձավոր Արևելքում որևէ կերպ ձեռնտու լինել չի կարող: