15:00 , 7 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն ասել է, որ մեծ սիրով կհետևեր լեռնադահուկորդների օլիմպիական մրցավազքին: «Օլիմպիական խաղերի ժամանակ ցանկություն ունեմ հետևելու լեռնադահուկորդների մրցումներին: Այնտեղ մարզիկները մեծ արագություն են հավաքում: Ինչպես նաև չմշկավազքի մրցումներին, որտեղ նույնպես մեծ արագություն կա: Նիդերլանդներում չմշկավազքը մեծ մասսայականություն է վայելում»,-Օզբիլիսի խոսքը փոխանցում է Sovsport-ը:
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 7-ին` Երևանի ժամանակով 20:14-ին: Սոչիի 22-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը և Կատյա Գալստյանը, ինչպես նաև լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, նրանց մարզիչներն են Արթուր Միքայելյանը, Սլավա Սարգսյանը և Սեյրան Հարությունյանը: Հայ մարզիկներից առաջինը մրցասպարեզ են դուրս գալու դահուկորդներ Միքայելյանը և Եղոյանը` փետրվարի 9-ին, նրանք կմրցեն նաև 11-ին,14-ին, իսկ Միքայելյանը` նաև 15-ին: Գալստյանը կմրցի փետրվարի 12-ին, իսկ Սերեբրակյանը` փետրվարի 19-ին և 23-ին: