Ճապոնիայի 5 ամենագեղեցիկ ամրոցները


13:21 , 7 փետրվար, 2014

Թեպետ Ճապոնիայի ամրոցները իրենց տեսքով կտրուկ տարբերվում են Եվրոպայի ամրոցներից, դրանք կառուցվել են միևնույն նպատակի համար, ինչ Եվրոպայի ամրոցները: Ծագող արևի երկրում դրանք սկսեցին կառուցվել 15-րդ դարում, երբ երկիրը մասնատվում էր պատերազմող նահանգների: Հետագայում մարդիկ սկսեցին ավելի շատ ամրոցներ կառուցել և շահագործել դրանք՝ իբրև կառավարական շինություններ ու ֆեոդալ առաջնորդների բնակավայրեր: Ժամանակին Ճապոնիայում 5000 ամրոց կար, իսկ ներկայումս՝ ընդամենը 100: Դրանց մի մասը այցելուներին հիշեցնում են Ճապոնիայի ֆեոդալական անցյալի մասին:

 5  Հիրոսակի ամրոց

Hirosaki Castle

Ճապոնիայի հյուսիսում գտնվող այս բարձրաբերձ ամրոցը աչքի է ընկնում իր դարպասներով ու խրամներով: Ամրոցը կառուցվել է 1611 թ.-ին: Ամրոցի հինգհարկանի գլխավոր աշտարակը ավերվեց հրդեհի պատճառով 1627 թ.-ին: Հետագայում ամրոցը վերակառուցվեց: Ներկայումս ամրոցը գրավում է բազում զբոսաշրջիկների ուշադրությունը իր՝ ավելի քան 2500 բալենիով հարուստ այգով:  

 4  Հիկոնե ամրոց

Hikone Castle

Հիկոնե ամրոցին նայելով՝ կարելի է պատկերացում կազմել այն մասին, թե իրենց ծաղկման շրջանում ինչպիսի տեսք ունեին ճապոնական ամրոցները: Այգիները, դարպասներն ու պահակատները նույնքան խնամքով են պահպանվել, որքան գլխավոր աշտարակը: Հիլկոնե ամրոցի շինարարության համար պահանջվեց 20 տարի: Այս բարձրաբերձ ամրոցի շինարարությունն  ավարտին հասցվեց 1622 թ.-ին: Մինչև 1868 թվականը ամրոցը գտնվում էր ֆեոդալ իշխանների տիրապետության տակ: Մոտակայքում գտնվող Հիկոնե ամրոցի թանգարանում պահվում են այդ իշխանների գանձերը, այդ թվում՝ զենքերը և երաժշտական գործիքները:

 3  Մաթսու ամրոց

Matsue Castle

Մաթսու ամրոցը կառուցվել է ֆեոդալական վերջին պատերազմից հետո՝ 1611 թ.-ին: Թեպետ ամրոցը հագեցած էր պատերազմական հարձակումներից պաշտպանվելու բոլոր հարմարություններով, ամրոցի վրա երբևէ հարձակում չի եղել, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել մինչև մեր օրերը պահպանել ամրոցի մի զգալի հատվածը: Ամրոցի համալիրի մեծ մասն ավերվեց 1875 թ.-ին: 1950-ականներին ամրոցը վերակառուցվեց, սակայն ներկայումս կանգուն են միայն գլխավոր աշտարակը և քարե պատերը:   

 2  Մացումոտո ամրոց

Matsumoto Castle

Տոկիոյի հյուսիսարևմտյան մասի լեռնային շրջանում գտնվող Մացումոտո ամրոցը կառուցված է քարե հիմքի վրա և շրջապատված է ջրավազանով: 1590 թ.-ին կառուցված այս բազմահարկ ամրոցը պատված է սև գույնով, հենց դրա համար  էլ այն հայտնի է նաև իբրև Ագռավների ամրոց: Ամրոցի գլխավոր աշտարակը Ճապոնիայի հնագույն աշտարակներից է: Այստեղից բացվում է Հիջիրի Կոգեն լեռների գեղեցիկ տեսարանը: Մացումոտոն նախատեսված է եղել պատերազմական իրավիճակներում թշնամիներից պաշտպանվելու համար: Ամրոցի պատերին նիզակներ արձակելու համար բացված ճեղքեր կան, իսկ գլխավոր աշտարակից կարելի էր քարեր գլորել՝ ամրոցի վրա հարձակվող զավթիչների վրա:   

 1  Հիմեձի ամրոց

#1 of Castles In Japan

Քոբեից գնացքով մի ժամվա հեռավորության վրա գտնվող Հիմեձի ամրոցը ազգային հարստություն է համարվում: Ամրոցը հաճախ անվանվում է Սպիտակ տառեղների ամրոց, քանի որ ամրոցի սպիտակ աշտարակները նման են թռչող տառեղների: 1601 թ.-ին կառուցված այս ամրոցի գլխավոր աշտարակը վեցհարկանի շինություն է, որը տեսանելի է Հիմեձի քաղաքի ցանկացած վայրից:  Վերջերս սկսվել էին ամրոցի վերակառուցման աշխատանքները: TripAdvisor կայքում հայտնվել է մի մեկնաբանություն, որում նշվում է, որ շենքի նորոգման աշխատանքների ժամանակ շինարարներին տեսնելու հնարավորությունը գրավում է այցելուների հետաքրքրությունը: