Ինչո՞ւ են «թխվում» ատենախոսությունները


03:17 , 8 փետրվար, 2014

Aravot.am-ը գրում է.

Ժամանակին՝ 70-80-ականներին, շատ եմ լսել, որ կաշառակեր դասախոսները իրենց կաշառքների մի մասը վերցնում, տանում են Մոսկվա, այդ փողով գրել են տալիս ատենախոսություններ, այնտեղ պաշտպանում են, գալիս են Հայաստան, դառնում են, ասենք, ամբիոնի վարիչներ կամ գիտխորհուրդների անդամներ, որպեսզի այդ նոր պաշտոններում կարողանան ավելի մեծ կաշառքներ վերցնել: Տեսականորեն դա կարելի էր անել նաեւ Երեւանում, բայց գերադասելի էր «աչքից հեռու», որպեսզի «չուզողների» մոտ ավելորդ հարցեր չառաջանան:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր «սուտի» ատենախոսություններ ավելի շատ են «թխվում» հասարակական, քան ճշգրիտ եւ բնական գիտություններից: Կեղծ պատմաբանը, իրավագետը կամ տնտեսագետը ավելի քիչ կարիք ունեին համապատասխանելու միջազգային չափանիշներին եւ «դրսում» դիմանալու մրցակցությանը, քան ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը: Դա հաստատ այդպես էր նախորդ դարաշրջանում, երբ կար «երկաթյա վարագույր» եւ գործում էին գաղափարախոսական սահմանափակումներ:

Այսօր կարծես թե այդ գործոնները չկան, բայց ակնհայտ է, որ, օրինակ, Նժդեհի փիլիսոփայությունից ատենախոսություն պաշտպանելն ավելի հեշտ է, քան նուրբ օրգանական քիմիայից: Եթե ես իմ նժդեհագիտությամբ նույնիսկ գնամ միջազգային համաժողովի, ապա ինձ այդպիսի միջոցառման կհրավիրեն ինձ նման, իմ մակարդակի «փիլիսոփաները», այսինքն՝ մարդիկ, որոնք Եվրոպայում կամ Ամերիկայում զբաղվում են նույն տեսակի հարցերով: Բայց եթե գիտաժողովի գնամ քիմիայից «թխած» գիտական աստիճանով, ոչ ոք չի հետաքրքրվի՝ ես տոգորվա՞ծ եմ ազգային ոգով, թե՞ ոչ: Ինձնից կպահանջվեն կոնկրետ հետազոտությունների, կոնկրետ փորձերի արդյունքներ: Էլ չեմ խոսում հղումների քանակի մասին:

Ինչի՞ համար է այսօր պետք գիտական աստիճանը, եթե չինովնիկների փառասիրությունը մի կողմ թողնենք: Իհարկե, նախեւառաջ բանակից ազատվելու համար՝ բժիշկներին կաշառելով բանակից ազատվելն այսօր շատ ավելի թանկ է նստում, քան «ատենախոսություն» թխելով: Ծանոթ չեմ վիճակագրությանը, բայց վստահ եմ, որ վերջին տարիներին պաշտպանածների թվում ավելի շատ են տղաները, եւ նրանց ատենախոսությունների թվում գերակշռում է հումանիտար ուղղվածությունը: Հենց այնտեղ էին, հետեւաբար, «փողեր ֆռում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ