00:45 , 7 փետրվար, 2014
168.am-ը գրում է.
Փետրվարի 3-ին Զանգու գետում արձանագրվել է մեծ թվով ձկների անկում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի Դավիթաշեն կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջն ընկած հատվածում ձկները սատկել են և ափ դուրս եկել: Ըստ նախարարության հաղորդագրության՝ Զանգու գետի երկայնքով մոտ 40 սատկած ձուկ է նկատվել: Մեզ հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ նախարարությունն ահազանգ ստացել է փետրվարի 3-ին՝ 16:00-17:00-ի սահմաններում: «Միանգամից օրենքով սահմանված կարգով բացվել է թեժ գիծ, Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության մասնագետներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, ուսումնասիրել են, փորձանմուշները վերցրել են, համապատասխան հաղորդագրություն է ուղարկվել նաև իրավապահ մարմիններին»,- ասաց Ա. Վարդանյանը: Նրա խոսքով՝ ձկներից վերցված փորձանմուշներն ուղարկվում են փորձաքննության, այժմ թղթաբանության հետ կապված հարցերն են լուծվում: «Ցավոք սրտի, Բնապահպանության նախարարությունն այդ հնարավորություններով օժտված չէ, մենք, ամենայն հավանականությամբ, կուղարկենք Սննդի անվտանգության տեսչություն, որն ապահովված է համապատասխան սարքավորումներով և միջոցներով: Երբ լինեն արդյունքները, մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա: Մեր հարցին՝ արդյոք նախարարությունը նախնական վարկած ունի՞ ձկների անկման պատճառի վերաբերյալ, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ չեն կարող ասել՝ ինչից է եղել, դա պարզ կլինի մասնագիտական եզրակացությունը ստանալուց հետո. «Բայց եթե նման մասսայական սատարելու դեպքեր են, բնականաբար, լուրջ պատճառներ կան, բայց նախնական չենք կարող որևէ բան ասել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ