23:30 , 6 փետրվար, 2014Սաուդյան Արաբիայի «բարքերի ոստիկանությունը» պայքար է հայտարարել «պղծված և կախարդված» թվիթերյան հաշիվների դեմ. ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը հանձնարարվել է՝ փակել նման հաշիվներն, իսկ դրանց օգտատերերին՝ ձերբակալել:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան մուֆթին հայտարարել էր, որ «Թվիթերը» և մյուս սոցիալական ցանցերը հիմք են հանդիսանում չարիքի, վատ գաղափարների, ստի և կեղծիքի տարածման համար, իսկ սոցցանցերի օգտատերերից շատերին մուֆթին հիմար էր անվանել:
Սաուդյան իշխանությունների հայտարարած պատերազմը թվիթերյան օգտատերերի դեմ պատահական չէ. ըստ Business Insider-ի տվյալների՝ այդ երկրում համացանցից օգտվողների 41%-ն բաժանորդագրված են հենց «Թվիթերի» առաջարկած ծառայություններին, իսկ նրանց թիվը հատկապես աճեց 2010 թ. թագավորության տարածքում տեղի ունեցած ցույցերից և բողոքի ակցիաներից հետո:
Հաշվի առնելով սոցաիալական ցանցերի դերը վերջին տարիներին երկրագնդի տարբեր հատվածներում տեղի ունեցած և շարունակվող «հեղափոխական» գործընթացներում՝ բացարձակ միապետության իշխանությունների նման գործողություններն արժանի են ըմբռնման. չէ՞ որ թագավորությանն իրենց անվամբ կոչած արքայատոհմի այսօրվա ներկայացուցիչները գահն իրենց ժառանգներին փոխանցելու սրբազան պարտավորություն ունեն...
Հ.Գ. Մտածում եմ՝ կարող է՝ Էրդողանի կառավարությունն էլ այդ ճանապարհով գնա: Ասում են՝ թուրքական խորհրդարանականներն էլ մի օրինագիծ են վավերացրել, որով իշխանությունները կարող են արգելափակել համացանցային ռեսուրների հասանելիությունն, առանց համապատասխան դատական որոշման առկայության. ըստ տրամաբանության՝ հաջորդ քայլն էլ սոցցանցերի օգտատերերի դեմ հայտարարվելիք «որսն» է լինելու, հատկապես այսօր, երբ բոլոր նախադրյալներն առկա են հարևան երկրում: