Արդարացման դատավճիռները վերջին 5 տարում ավելացել են


15:37 , 6 փետրվար, 2014

Արդարացման դատավճիռները վերջին 5 տարում ավելացել ենArmnewstv.am-ը գրում է.

Երկար ու ձիգ 9 ամիսներ ճաղերի հետեւում` 4-8 տարի այնտեղ անցկացնելու տխուր հեռանկարը եւ բաղձալի ազատությունը: Հանուն Հայաստանի հանրապետության` Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը գործարար կնոջն արդարացրել է անցած տարվա դեկտեմբերի 4-ին: ԼՂՀ-ում գործունեություն ծավալող անհատ ձեռներեցը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակման մեջ: Ըստ մեղադրանքի` նա ՄԱՊ ընկերության արտադրած եւ իրեն վստահված ապրանքների վաճառքից ստացված 32 միլիոն դրամը չէր մուտքագրել դրամարկղ:

Գործարար Սիլվա Խաչատրյանն իր հետ կատարվածին դժվարությամբ է հավատում, չէր հավատում նաեւ, որ արդարությունը կհաստատվի, բայց փաստաբանը կարողացավ դատարանում ապացուցել նրա անմեղությունը: Դատական վիճաբանությունների փուլում հենց դատախազությունը հաժարվեց մեղադրանքից, ինչի հիման վրա էլ կայացվեց արդարացման դատավճիռ:

Փաստաբան Գեղամ Հակոբյանն այն քչերից է, որի համար 2013-ն ավարտվեց ու 14-ը սկսվեց արդարացման դատավճիռներով ու մինչդատական վարույթում գործի կարճումներով: Փաստաբանի վարույթում գտնվող գործերից նման ելք են ունեցել անգամ ծանր հանցագործությունների` շահադիտական նպատակով կատարված սպանության ու մարդու թրաֆիկինգի մեղադրանքով գործեր: Նկատվող միտումը փաստաբանը դատաիրավական համակարգում վերջին շրջանում ընթացող փոփոխություններով է պայմանավորում:

Արդարացման վերջին ակտը կայացրեց Շենգավիթ դատարանը: Տաքսու վարորդին երկու տարվա ազատազրկում էր սպառնում մի քաղաքացու պոռնկության մեջ ներգրավելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա մարմանավաճառին յուրաքանչյուր օրվա համար 10000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող մեքենան, շրջել Լենինգրադյան և Երևանյան լճին հրող փողոցներով:

Փաստաբանի պրակտիկայում այս արդարացումն առաջինն է, բայց, հուսով է` վերջինը չի լինի:

Ամբողջական եւ մասնակի արդարացումների վերջին 5 տարիների վիճակագրությունը փաստաբանները թեեւ դրական, բայց ոչ բավարար են համարում: Դատական դեպարտամենտը ցուցանիշները համեմատում է Հայաստանի իրավական համակարգին մոտ համակարգ ունեցող երկրների հետ:

Եթե 2008-ին արդարացումներն ընդամենը 2-3 գործով էին, 2009-ին հասել են 25-ի ու աճի միտումը շարունակել` 2010-ին կրկնապատկելով, իսկ հաջորդ տարիներին, ավելացնելով ցուցանիշը: 2013 թվականին Հայաստանի դատարանները 100 ից ավելի մասնակի ու ամբողջական արդարացման դատավճիռներ են կայացրել` հանցանքի տարբեր տեսակներով` գողությունից մինչեւ բռնաբարություն: Եվրոպական երկրներում այս ցուցանիշը 20-30 տոկոսի է հասնում, բայց վիճակագրությունն այնտեղ ներառում է նաեւ նախաքննական մարմինների կողմից գործի վարույթի կարճումները: Նույն սկզբունքով հաշվելու դեպքում հայաստանյան վիճակագրությունը մոտ է եվրոպական ցուցանիշներին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ