11:37 , 6 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի գերի ընկած բնակիչ Մամիկոն Խոջոյանը քսան թոռ ու ծոռ ունի, վեց երեխա: Երեք տարի առաջ ընկել է, ինչի հետևանքով հոգեկան որոշակի շեղումներ է ձեռք բերել:
Որդին՝ Հայկազ Խոջոյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը այս պահին անելանելի վիճակում է, այս պահին ելքեր է որոնում հորը Հայաստան բերելու համար: «Ես պատերազմի վերտերան եմ, բոլոր ընկերներով կարող ենք գնալ երկու թուրք բերենք, պետք է՝ տասը թուրք կբերեմ: Եթե մեկ շաբաթ է՝ իմ հորը ես չեմ կարողանում բերել, ո՞նց կարող եմ լինել, գիշերները չեմ քնում, վատ եմ, ահավոր վիճակում ենք»,- ասաց նա:
Հայկազ Խոջոյանը պատմեց, որ հայրը խաղողագործությամբ է զբաղվում, այդ օրն էլ խաղողի դաշտ է գնացած եղել՝ դույլը ձեռքին, դույլը ձեռքին էլ հատել է սահմանը: «Խելքը տեղը չի, երկու պոստ է անցել՝ թուրքինն էլ, մերն էլ»,- ասաց նա:
Նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից իր ազատամարտիկ ընկերները նույնպես խառնվել են, որ կարողանան հետ բերել հորը: «Այսօր ես ոնց կարող եմ հանգիստ լինել, երբ ծնողս գերի է: Երեք տուփ ծխախոտ եմ ծխում և 22 բաժակ սուրճ խմում»,- ասաց նա՝ հավելելով, որ սա հոր անհետանալու առաջին դեպքը չէ:
Մի քանի տարի առաջ էլ հորը տարել է Ռուսաստան, այնտեղ էլ է կորել. «Ստիպված վեր կացանք եկանք, ես իրեն էստեղ պահում էի: Այդ օրն էլ տանը չեմ եղել, ինքը վեր է կացել գնա խաղող քաղելու: Ուղեղը չի աշխատում, մենք շատ ենք տանջվել, սաղին խառնել ենք իրար, «Կարմիր խաչ»-ին ենք դիմել: Հիմա պատրաստ ենք գնալ, տասը թուրք բերել, սեղմել, ամեն ինչ անենք, ես սպասում եմ քայլերի, ես իմ քայլերը անելու եմ, սաղ կռված տղաներ ենք ընկերներով»:
Հիմա էլ ասում են, թե հայրը ԿԳԲ-ի գործակալ է, որդին վստահ է՝ այսպես են ասում հորը այնտեղ տանջամահ անելու համար: «Պատվիրել են որ այդպես չանի, հասկանում ենք ամեն բան, ես էլ երկու ինստիտուտ ավարտած տղա եմ, հասկանում եմ՝ որը որից հետո է: Ես խելոք եկել եմ, ծնող եմ պահում, բայց այսօր հայրս միամիտ տեղը անցել է սահմանը, մեր պոստերը անցել է»,- հուզված ասաց որդին:
Ի դեպ, նրա խոսքով՝ սահմանը պահող կա, հայրը երկու պոստ է անցել, իսկ եղանակն ամպամած է եղել՝ ո՛չ մեր, ո՛չ թշնամու սահմանին չեն նկատել ծերունուն:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանին՝ դույլը ձեռքին, տեսել են համագյուղացիները, հարցրել են՝ ո՞ւր է գնում, պատասխանել է՝ խաղողի, ապա գետի ափով անցել է: