Իվանիշվիլին ստեղծում է պետություն պետության մեջ, կամ էլ թե ինչպես է «գորշ կարդինալը» դուրս գալիս ետնաբեմից


10:57 , 6 փետրվար, 2014

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իրեն երկար սպասեցնել չտվեց և երեքշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ, որ ստեղծել է «Քաղաքացի» անվամբ հասարակական կազմակերպություն։ Վերջինիս խոսքերով՝ կառույցի նպատակն է «հսկել կառավարությունը, որը վարձում են քաղաքացիներ: Նա ասել է, թե իր հրաժարականից հետո «երկրում առողջ գործընթացներ են սկսվել, բայց հանրությունը չպետք է կառավարությանը տա սխալներ գործելու հնարավորություն»: Իսկ վերջում գայթակղությանը չի դիմացել և անդրադարձել է որոշ արտաքին քաղաքական հարցերին՝ մասնավորապես խոսելով Ասոցացման պայմանագրի մասին: Նա ասել է հետևյալը. «Վերլուծում եմ վիճակը և համոզվում, որ չկա որևէ ուժ, որը կարող է խոչընդոտել Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը»: Եկեք հիմա հերթով փորձենք վերուծել այս հայտարարությունը:

Սկսենք նրանից, որ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ նորանշանակ վարչապետն ու նորընտիր նախագահը չափազանց անփորձ և թույլ քաղաքական գործիչներ են և արդեն նախկին վարչապետ Բիձինի Իվանիշվիլին իր հեռանալուց հետո շարունակելու է խաղալ «գորշ կարդինալ»-ի դերը, չնայած այն բանի, որ ինքը` Իվանիշվիլին, դա բացառել էր` իր վերջին պաշտոնական ասուլիսներից մեկի ժամանակ ասելով, որ չի պատրաստվում որևէ կերպ միջամտել վրացական նոր իշխանությունների գործողություններին: Այժմ փաստորեն մենք տեսնում ենք, որ Իվանիշվիլին կուլիսների ետևից՝ իր ոչ պաշտոնական գործողություններից զատ, ցանկանում է նաև վերադառնալ հանրային կյանք, մշտապես կայուն և բարձր պահել սեփական իմիջը, և հսկել այս իշխնությունների ամեն մի քայլը: Ինչպես ինքն է ասում, պատրաստվում է հսկել «վարձած կառավարությանը»: Բառախաղի միտում այստեղ չկա, բայց վարձած կառավարության գաղափարն ինքնին ստիպում է մտածել որոշ համընկնումներ մասին: 

Ինչևէ, ինչ վերաբերում է վարկանիշին, ապա վերջին տվյալները ցույց են տալիս, որ նախկին վարչապետը վարկանիշով առաջ է անցել առնվազն ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիից։ Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Իվանիշվիլին նաև Վրաստանի ամենահարուստ մարդն է, ապա դժվար չէ կռահել, որ եթե նույնիսկ Ղարիբաշվիլիի և երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի մտքով անգամ անցնի, որ կարող են իրենց «գործատուի» գլխից թռնել, դա ինչ հետևանքներ կունենա իրենց համար՝ առնվազն քաղաքական կարիերայի մասով:

Այժմ եկեք անդրադառնանք Իվանիշվիլի կողմից հնչած այն հայտարարությանը, որը լիովին երկրի նախագահի լիազորությունների շրջանակներում է: Վերջինս, ասում է, որ վերլուծելով իրավիճակը` համոզվում է, որ չի տեսնում ոչ մի ուժ, որը կարող է խոչընդոտել Ասոցացման պայմանագիրը ստորագրելու հարցում: Կարծում եմ՝ կա՛մ Իվանիշվիլին լավ չի վերլուծում իրավիճակը, կա՛մ կույր է, որ չի տեսնում, կա՛մ էլ պարզապես փափուկ բարձ է նախապատրաստում վրացիների, մասնավորապես քաղաքական գործիչների համար: 

Տեսեք, եթե նույնիսկ ընդունենք, որ շատերը սխալ են եղել նախկինում` ասելով, որ նախկին վարչապետը Ռուսաստանի մարդն էր (և շարունակում է մնալ) կամ էլ ռուսամետ էր, և նա այժմ անկեղծորեն ուզում է Վրաստանը տանել դեպի ԵՄ, ապա այդ դեպքում ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս կվերլուծի իրավիճակը մեծարգո Իվանիշվիլին, եթե Ուկրաինայի հարցում ԵՄ-ը գնա, այսպես ասած, զիջումների: Չգիտես, թե ինչու, բայց ինձ թվում է, որ Իվանիշվիլի վերլուծությունները մի քիչ կփոխվեն, իսկ տեսողությունը կլավանա: