Մեր կարոտի երգչուհին. Օֆելյան


01:15 , 6 փետրվար, 2014

Hraparak.am-ը գրում է.

Ես Օֆելյային համարում եմ  մեր կարոտի երգչուհի: Հնարավոր չէ նրան լսել ու չքաղցրանա անցյալդ, հնարավոր չէ նրան լսել ու չարտասվել: Տևական ժամանակ անցյալի պես հուշ է դարձել մեզ համար, ու ես կարոտում եմ նրան այնպես, ինչպես կկարոտեի իմ մանկությունը: Ես նրան 24 տարի առաջ եմ մոտիկից տեսել, շփվել, ու դա եղել է վերջինն ու միակը: Գորիս էր եկել՝ նվագախմբի հետ, այն ժամանակ ամուսինը կար ու հետն էր. ինչքա՜ն երջանիկ էր: Ամուսնուս քույրը, որ կուսշրջկոմում էր աշխատում, հաջողացրել ու նրան հրավիրել էր մեր տուն: Ի՜նչ երջանկություն էր, ի՜նչ սպասում, խառնվել էինք իրար, հետագա տարիներին այդպիսի զգացում է՛լ չեմ ունեցել: Չգիտեինք՝ ինչո՞վ զարմացնել նրան: Բայց նա եկավ այնքան պարզ ու տնավարի, ասես մեր տան մի անդամը լիներ ու որոշ ժամանակ մեզնից հեռու էր եղել: Մեր տունը սեփական էր ու խոշոր թթենիները գիրկն էին առել նրան: Մի սպիտակ թթենի ունեինք, որը փոքր էր եղել, երբ դրսի մեծ բալկոնն էինք կառուցել: Չէինք կամեցել այդ մատղաշ թթենուն վնասել, ցեմենտն այնպես էր արվել, որ նա մնացել էր բալկոնի մեջ: Շուրջը տեղ էինք թողել, որ մեծանալուց չնեղվի ու ծավալվի: Եվ ահա նա փարթամացել ու ասես բալկոնի վրա էր աճել՝ գեղեցի՜կ, հզոր, խոշոր պտուղներով: Հենց թթի ժամանակն էր: Օֆելյան սքանչացավ, այլևս նրան ոչ մի գեղեցկություն, իրարանցում չէր հետաքրքրում, չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է այդ փարթամ թթենին աճել ցեմենտի վրա: Թթենին այնքան էր գիրացել, որ անցքը, որտեղից կապվում էր հողի հետ, չէր նշմարվում: Ասես մի ամբողջություն լիներ պատշգամբի հետ: Ձեռքը երկարեց ու սկսեց վայելել ճերմակ ու քաղցր պտուղները:

-Սա է կյանքը, գեղեցկությունը,- ասաց նա,- ու ձեռքը դրեց 4-5 տարեկան աղջկանս գլխին, ով հոլի պես ֆռռում էր նրա շուրջը՝ հասկանալով, որ մեր խառնվելը կապված է հյուրի կարևոր լինելու հետ: - Ես ձեռքս դնում եմ գլխիդ, որ սիրված երգչուհի դառնաս,- կամ ինչ էլ որ դառնաս, սիրված լինես:- Նման թթի ծառ ունեցողն ու ճաշակողը չի կարող տաղանդավոր չլինել:

Օֆելյայի ձեռքը մեզ համար այն նշանակությունն ուներ, ինչ Կաթողիկոսի ձեռքը: Ինձ համար միակ կաթողիկոսը մնաց Վազգեն Առաջինն ու վերջինը, նրան նկատի ունեմ: Ոչ միայն ես, այլ ողջ ընտանիքս դա Աստծո կողմից տրված շնորհ համարեց ու փոքրիկիս տեսնում էին բարձունքներում: Հետագայում այդպես էլ եղավ, ու մենք չմոռացանք Օֆելյայի սուրբ աջն ու օրհնանքը:

Ինչ էլ որ դառնաս, սիրված լինես. Ուշ հասկացա այդ խոսքերի իմաստը,  որ կարելի է երգչուհի լինել, նույնիսկ տաղանդավոր, բայց սիրված չլինել: Մի առիթով Օֆելյան ասել է, հիշողությամբ եմ վերարտադրում. «Ազգային երգն իր բոլոր առավելություններով հանդերձ միաբանում է:  Ես երգում էի արտերկրում, դահլիճ էին գալիս ու իրար կողքի նստում դաշնակն ու ռամկավարը, կոմունիստն ու հնչակը: Համերգասրահի պատերից դուրս նրանք հակամետ էին, բայց լսելով հայկական երգը, հասկանում էին, որ արյունը ջուր չի դառնա, նույն ազգի զավակն են, նույն երգից են հյուսվել նրանց հոգիները և բոլորը միասին Հայաստան հայրենիքի կրողներն են»:

Իսկ հիմա, հիմա այդպե՞ս են մտածում մեր բազմահազար երգիչ-երգչուհիները, իրենց խոսքով միաբանու՞մ, թե՞ տարանջատում են ժողովրդին: Օֆելյայի քաղցր ֆոնի վրա չեմ ուզում դառը բան ասել, բայց կրկին ու կրկին բոլորի համար ուզում եմ կրկնել նրա խոսքերը՝ սիրված լինել: Իմ կարոտի երգչուհին Սեր է՝ ոչ թե մի կուսակցության, ֆրակցիայի կողմից, այլ՝ ողջ ժողովրդի: Շատ քիչ են հնչում կամ համարյա չեն հնչում նրա խորունկ երգերը եթերով, վերջին քսան տարիներին դեպքից դեպք է նա փայլատակել եթերում, բայց կարծում եմ, եթերից ավելի մի մեծ տուն կա, մեր սիրտն է դա, ուր սիրված երգչուհին տանտիրոջ իրավունքով նվաճել է, ու մենք բոլորս գերի ենք նրա երգին, նրան…

ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ