Ֆալկաոն «Մունդիալ-2014»-ին մասնակցելու հնարավորություն ունի


21:31 , 5 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Կոլումբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը հարձակվող Ռադամել Ֆալկաոյին ընդգրկել է 30 ֆուտբոլիստներից բաղկացած նախնական հայտացուցակում, որում հայտնվածները կարող են մասնակցել Բրազիլիայում կայանալիք 2014թ. Աշխարհի առաջնությանը:

Հիշեցնենք, որ «Մոնակո»-ի ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Ֆրանսիայի գավաթի խաղարկության մրցավեճում, որը տեղի է ունեցել հունվարի 22-ին, և երկար ժամանակով շարքից դուրս մնացել:

Վիրաբույժ Խոսե Կարլոս Նորոնյան նշել է, որ Ֆալկաոյի` «Մունդիալ-2014»-ին մասնակցելու հնարավորությունը գնահատվում է 50 տոկոս: Այնուամենայնիվ, Կոլումբիայի ընտրանու մարզչական շտաբը դեռ չի կորցրել հույսը` հավաքականի առաջատարին տեսնելու ֆուտբոլային գլխավոր մրցաշարում:

Հիշեցնենք, որ կոլումբիացիները հայտնվել են С խմբում, որտեղ հարաբերությունները կպարզեն Հունաստանի, Կոտդիվուարի ու Ճապոնիայի հավաքականների հետ: