12:05 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
2013թ. դեկտեմբերին գրանցվել է 1.1 տոկոս գնաճ: 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 5.6 տոկոս գնաճ, իսկ միջին տարեկան ցուցանիշը կազմել է 5.8 տոկոս: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ եթե պարենային ապրանքների գները զգալիորեն աճել են, ապա ծառայությունները՝ փոքրիշատե նվազել: «2014 թվականի հունվարին սպառողական շուկայում գրանցվել է 2.8 տոկոս գնաճ, ինչը նախորդ տարիների համեմատ այնքան էլ բարձր չէ: 2005-ին, օրինակ, հունվարին գրանցվել է 5.4 տոկոս գնաճ: Գնանկում է գրանցվել կենդանական յուղի, շաքարավազի և մսամթերքի շուկայում: Թանկացումներ են նկատվել կարտոֆիլի, կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի, ձվի, ոգելից խմիչքի և ծխախոտի, ինչպես նաև հրուշակեղենի շուկայում: 2012-ի համեմատ՝ անցած տարի ձվի արտադրությունը նվազել է 30 տոկոսով: Տարվա առաջին ամսում ամենաբարձր գնաճը գրանցվել է Իջևանում, ամենացածրը՝ Կապանում: Երևանում գրանցվել է 2.6 տոկոս գնաճ»,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:
ԱՎԾ աշխատակցի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերին 41.6 տոկոս գնաճ է արձանագրվել բանջարեղենի՝ հատկապես կանաչիի մասով:
«Եթե կարտոֆիլը չթանկանար, ապա հանրապետությունում գրանցված գնաճը չէր գերազանցի մեկ տոկոսը. տարեվերջի ամենացածր գինը կազմել է 147 դրամ, մինչդեռ հունվարին՝ 284 դրամ: Կաղամբի ամենացածր գինը սահմանվել է դեկտեմբերի սկզբին՝ մոտ 150 դրամ, այնինչ հունվարին՝ 210 դրամ: Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, ապա այնտեղ տասներկուամյա գնաճը կազմել է 2.4 տոկոս: Իսկ ահա համեմատության համար Ավստրիայում նախորդ տարվա գնաճը կազմել է ընդամենը 2 տոկոս»,- ասաց նա:
Գուրգեն Մարտիրոսյանը հատկանշական համարեց, որ շատ ապրանքատեսակների թանկացումն ուղիղ կապի մեջ է գազի գնի թանկացման հետ: «Ինչ վերաբերում է հացի գներին, ապա 2013ին, 2012-ի համեմատ, դրանք աճել են 1.6 տոկոսով: Հացի գնի միջին տարեկան ցուցանիշն, այսպիսով, ավելացել է 7.8 տոկոսով: