03:29 , 5 փետրվար, 2014Երեկ կլիմայի փոփոխության ռիսկերի հասցեագրման խնդիրների և ծրագրերի միջև ապագա համագործակցության ուղիների վերաբերյալ ծավալվեց արդյունավետ քննարկում, որին ներկա էին ՀՀ պետական կառավարման մարմինները, գիտական և կրթական հաստատությունները, ինչպես նաև՝ ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կառույցները, հիմնադրամները և հասարակական
կազմակերպությունները:
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ ս.թ. փետրվարի 4-ին Երևանում կազմակերպել էին «Կլիմայի փոփոխության ռիսկերի և հարմարվողականության խնդիրները Հայաստանում» սեմինար-խորհրդակցությունը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում» հաշվետվությունը, որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ճգնաժամերի կանխման և վերականգնման գործակալության «Կլիմայական ռիսկերի կառավարման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկվող ծրագիրը և նախատեսված գործողությունները:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:
Այնուհետև զեկուցումներով հանդես եկան ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Համլետ Մելքոնյանը, ՄԱԶԾ աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարայնը և այլոք: Առանձին զեկուցմամբ ներկայացվեց «Տեղական զարգացման բարելավված
պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկած ծրագիրը, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների փորձը, կլիմայի փոփոխության ռիսկերի հետ առնչվող ծրագրերի հիմնական արդյունքները և բացահայտված խնդիրները:
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ



