00:18 , 5 փետրվար, 2014Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Ֆլորա Մարտիրոսյանը Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր է, ինչպես նաև «Never Again» մշակութային շարժման նախաձեռնողը։
Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում։ Վոկալ տվյալները ժառանգել է մորից։ Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին։ Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1987 թ. նա ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ։ 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ, Լոս Անջելես։ 1997 թ. նրանք վերադառնում են Երևան։ 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։ 2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես։ 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա։ 2007 թ. հիմնում է «Artists for Peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարհահռչակ երգիչներ, երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր՝ իրենց ձայնը բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների՝ «Այլևս երբեք» կարգախոսով։
2011 նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ։
ՀՀ ժողովրդական արտիստը մահացել է 2012թ. նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: