23:09 , 4 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Թռչնի մսի ու ձվի արտադրության շուկայում, ի տարբերություն ձկնաբուծության, էլեկտրաէներգիան ու գազը արտադրանքի ինքնարժեքում բարձր տոկոս չեն կազմում, և, հետևաբար, դրանց թանկացումները չեն հանգեցնի գների աճի:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մաքս Գրուպ» կոնցեռնի նախագահ, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի» սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
«Այո, հոսանքը մտնում է ինքնարժեքի մեջ, բայց շատ աննշան: Համեմատության համար ասեմ, որ ինքնարժեքի հիմնական բաղադրիչը հավի կերն է՝ մոտավորապես 60% և ավելի»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է դարձել, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացումը բացասաբար է անդրադառնում ձկնաբուծարանների աշխատանքի վրա, ինչի հետևանքով նրանց մի մասը փակվել է, ինչպես նաև, ինչպես հաղորդել էր «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանին, այն իր ազդեցությունն է ունենալու նաև ձկան գնի վրա, որը թանկանալու է 100-200 դրամով:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո երրորդ երկրներից Հայաստան մտնող այն ապրանքների շարքում, որոնց դեպքում ավելանալու է մաքսատուրքը, ըստ մամուլի հրապարակումների նաև թռչնամիսն է, որը Հայաստանը ներկրում է մոտ 60-70%-ի չափով ոչ ՄՄ անդամ երկրներից՝ Բրազիլիայից, Ֆրանսիայից և այլն, իսկ ձուն՝ մոտ 15-20% չափով՝ Իրանից:
Խաչիկ Մանուկյանը վստահ է, որ գոնե հավը Հայաստան՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո չի թանկանա, քանի որ այդ ամենը կփոխլրացվի տեղական արտադրության կազմակերպմամբ, որը ինքնաբավ կդարձնի հավի ու ձվի արտադրությունը Հայաստանում:
«Այս վտանգը հստակ կվերանա, եթե կարողանանք մեծացնել տեղում արտադրությունը»,-ասաց գործարարը՝ հավելելով, որ հայաստանյան շուկան ամբողջությամբ «ծածկելու» համար անհրաժեշտ է տարեկան արտադրել 35 000 տոննա միս և մոտ 400 միլիոն ձու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ