18:00 , 4 փետրվար, 2014Բրիտանիայի ամենաշատ դաջվածքներ ունեցող տղամարդուն հրաժարվում են նոր անձնագիր տալ ոչ թե նրա մաշկի դաջվածքների, այլ անվան պատճառով: Թանաքի Աշխարհի Արքա Բոդի Արտ Արքա Ծայրահեղ Թանաքի անձնագիրը չեն թարմացնում իր տարօրինակ անվան համար: 4 տարի առաջ նա փոխել է իր անունը և պաշտոնապես գրանցվել է այդ տարօրինակ անունով: Բիրմինգհեմ քաղաքում բնակվող Լիբերալ դեմոկրատական կուսակցության այս ակտիվիստը, ով նախկինում հայտնի էր Մեթյու Վելան անունով, ասում է, որ անձնագրային վարչությունը ոտնահարում է իր իրավունքները:

Բոդի Արտը, ով իր մաշկի 90 տոկոսը պատել է դաջվածքներով, ավելի քան 408.275 դոլար է ծախսել դաջվածքների վրա: Նա անգամ իր ձախ աչքի ակնախնձորն է պատել սև դաջվածքով: Ներկայումս նա արտասահմանում աշխատելու առաջարկ է ստացել, որը նրան հնարավորություն կտա իր հոբբին վերածել հիմնական աշխատանքի: Հենց արտասահման գնալու համար էլ հարկ է եղել թարմացնել անձնագիրը: Ուստի նա դիմել է անձնագրային բաժին:
Բոդի Արտը լրացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը և ուղարկել 118 դոլարի վճարը: Սակայն այս շաբաթ նա նամակ է ստացել, որում ասվում է, որ նրա դիմումը մերժվել է իր նոր անվան պատճառով: Այս 34-ամյա տղամարդը երկու անգամ է փոխել իր անունը՝ առաջին անգամ 2007 թ.-ին, իսկ երկրորդ անգամ՝ 2009-ին: Նրա նոր անունը գրված է նրա վարորդական վկայականում:


Թեյ և օձ: Բոդի Արտի սովորական օրերից մեկը:
Ամեն ինչ սկսվեց միայն մի աննշան դաջվածքով, իսկ այժմ նրա մարմնի մոտ 90 տոկոսը պատված է դաջվածքներով:
Այս լուսանկարը նկարվել է այն ժամանակաշրջանում, երբ Բոդի Արտի հիմնական հետաքրքրությունը ֆուտբոլն էր, ոչ թե դաջվածքները:
Բոդի Արտն ասում է.
- Անձնագրիս ժամկետը լրացել էր, ուստի ես դիմեցի նոր անձնագիր ստանալու համար: Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեց անձնագրային բաժնի աշխատակիցը և ասաց, որ ինչ-որ խնդիր է ծագել: Նա ինձ ասաց, որ իմ դիմումը քննվում է, սակայն դրան ընթացք տալու համար նրանց պետք են այլ փաստաթղթեր, որոնցում նշվում է իմ ներկայիս անունը: Ես նրանց ուղարկեցի իմ վարորդական վկայականը և մի երկու այլ փաստաթուղթ: Անձնագրային վարչության աշխատակիցները ցանկանում են անձնագրումս գրել այն անունը, որը ես կրել եմ ի ծնե, սակայն դա այլևս իմ անունը չէ: Սա մարդու իրավունքների խախտում է:
Բոդի Արտը պաշտոնական բողոքի նամակ է ուղարկել անձնագրային վարչություն: Պատգամավոր Ջոն Հեմինգը սատարում է նրան և նույնպես նամակ է ուղարկել անձնագրային վարչություն՝ խնդրելով պարզաբանումներ տրամադրել:
Պրն. Հեմինգն ասել է.
- Անշուշտ, պետք է լինեն որոշակի սահմանափաակումներ, որոնցից պարզ կլինի, թե որ անուններն է կարելի գրանցել պաշտոնական փաստաթղթերում, սակայն այդ սահմանափակումները պետք է հետևողականորեն մշակվեն: Պետք է հստակ ռազմավարություն լինի, որտեղ նշված կլինի, թե որ անուններն են ընդունելի համարվում:

Անձնագրային վարչության ներկայացուցիչն ասաց, որ իրենք առանձին դեպքերի հետ կապված մեկնաբանություններ չեն տալիս: Վարչության ռազմավարության մեջ ամրագրված է հետևյալ կետը. «Եթե անձնագրային վարչություն դիմած անձը փոխում է իր անունը և այնպիսի անուն ընտրում, որը բաղկացած է այնպիսի բառաշարքից, որը չի ընկալվում որպես անուն, այդ անունը չպիտի նշվի անձնագրի անհատական տվյալների էջում: Օրինակ՝ Նոր Տարի կամ Մինչ Վաղը անուններն անընդունելի են»:
