15:04 , 4 փետրվար, 2014
Կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքների և պաղպաղակի արտադրության առաջատար ընկերություններից մեկը՝ «Թամարա և Անի»-ն, տարիներ առաջ շուկա մտավ ինքնատիպ կարգախոսով՝ «Կարևոր են նույնիսկ մանրուքները»։ Թերևս հենց այդ գործելաոճի՝ անգամ մանրուքները կարևորելու շնորհիվ ընկերությունը կարողացավ կարճ ժամանակում շահել սպառողների վստահությունը և զբաղեցնել իր ուրույն տեղը հայաստանյան շուկայում։
Իսկ նախորդ տարվա վերջին «Թամարա և Անի»-ն ներկայացավ նոր կերպարով՝ Ani Product: Փոխվել են ընկերության լոգոն և արդեն թևավոր խոսք դարձած կարգախոսը։ Ընկերությունը ռեբրենդինգի փուլում է։ Ինչպես երևում է, «Թամարա և Անի»-ն մտադիր չէ կանգ առնել և շարունակում է հաճելի լարվածության մեջ պահել սպառողներին՝ տեղեկացնելով, որ սպասվում են նոր փոփոխություններ։ Մենք զրուցեցինք ընկերության արտադրական գծով տնօրեն Տիգրան Շալջյանի հետ՝ փորձելով պարզել, թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը։
- Պրն. Շալջյան, ձեր խոստացած փոփոխություններից մի քանիսն արդեն տեսանելի են՝ Ani Product ապրանքանիշը, լոգոտիպը։ Փոխվել է նաև ձեր կարգախոսը՝ «Ընտանիքիս համար»։ Այսինքն, մանրուքներն այլևս կարևո՞ր չեն։
- Իհարկե, կարևոր են։ Մենք մեր սկզբունքներին հավատարիմ ենք մնում և արտադրում ենք սննդամթերք յուրաքանչյուր ընտանիքի համար՝ կարևորելով բոլոր մանրուքները։ Չէ՞ որ հենց այդ մանրուքների շնորհիվ ենք կարողացել գրավել մեր տեղը շուկայում և ձեռք բերել սպառողների մեծ բանակ, որոնք վստահում են մեզ։ Մեր աշխատանքը չափազանց մեծ պատասխանատվություն է ենթադրում, քանի որ գործ ունենք առաջին անհրաժեշտության ապրանք համարվող սննդի հետ։
- Լոգոյից և կարգախոսից բացի, ուրիշ ի՞նչ է փոխվելու։
- Գրեթե ամեն ինչ։ Շատ լուրջ փոփոխություններ են լինելու՝ սկսած դիզայնից մինչև նոր տեսականի։ 2013-ը մեզ համար եղել է ներդրումների տարի, որի արդյունքները շուտով լիարժեք տեսանելի կդառնան։ Փակագծերը չեմ ուզում բացել, սակայն ասեմ, որ մեր սպառողը կտեսնի միանգամայն նոր որակ։ Ցանկանում ենք ոչ միայն ինքներս փոխվել, այլև փոխել նաև մթնոլորտը՝ արմատավորելով առողջ ապրելակերպի ու ճիշտ սնվելու գաղափարը։ Տեղ հասցնել այն միտքը, որ օրը մեկ բաժակ կաթ խմելը սուրճի փոխարեն ոչ միայն միայն առողջարար է, այլև ինչո՞ւ ոչ՝ նորաոճ, կամ ինչպես ռուսներն են ասում՝ «круто»: Այնպես որ, փոքր-ինչ համբերություն, և ամեն ինչ պարզ կլինի։
- Ani Product-ը, մասնավորապես կաթնամթերքի շուկայում, լուրջ մրցակիցներ ունի, որոնք շուկայում ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն։ Դա ձեզ չի՞ խանգարում։
- Ոչ։ Հակառակը, երբ ունես լուրջ մրցակիցներ, դա քեզ ստիպում է ավելի արդյունավետ աշխատել։ Չէ՞ որ սպառողների վստահությունը պահպանելը շատ ավելի դժվար բան է, քան նոր սպառողներ ձեռք բերելը։ Ինտերնետային տեխնոլոգիաներն այսօր մեզ հնարավորություն են տալիս ավելի մոտ լինել մեր սպառողին, լինել ակտիվ շփման մեջ։ Մեր կայքի և ֆեյսուքյան էջի միջոցով ոչ միայն կիսվում ենք նորություններով, այլև լսում նրանց դիտողություններն ու առաջարկությունները։ Այսօր ժամանակները փոխվել են, և սպառողն ինքն է թելադրում խաղի կանոնները։ Սպառողն այժմ ոչ թե պարզապես սպառող է, այլ գործընկեր։ Ընդ որում՝ բավականին տեղեկացված։ Այն ընկերությունները, ովքեր չեն ցանկանում դա ընդունել, դատապարտված են։ Այդ իսկ պատճառով Ani Product-ի յուրաքանչյուր գնորդի վստահությունը մեզ համար մեծ արժեք է։ Իսկ դա չկորցնելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնել որակին, մշտապես զարգանալ՝ արդիականացնելով սարքավորումներն ու տեխնոլոգիաները։ Ու ամենակարևորը՝ մեծ ուշադրություն դարձնել կադրերին։ Մենք մեր շուրջը հավաքել ենք ոլորտի լավագույն մասնագետներին։
- Դա արդյունք տալի՞ս է։
- Արդեն տվել է։ Այդ գործելաոճի շնորհիվ է, որ լինելով հայաստանյան շուկայում համեմատաբար նոր ընկերություն (սկսել ենք 2003 թվականից), այսօր ոլորտի առաջատարներից ենք։ Դա ասում եմ առանց ավելորդ համեստության։ Ու որպես ասվածի ապացույց նշեմ՝ Ani Product-ը 2013 թվականին Մոսկվայի PROD EXPO ցուցահանդեսում, որին մասնակցում էր շուրջ 150 ընկերություն, արժանացավ ոսկե մեդալի։ Իսկ դրա շնորհիվ մեր արտադրանքի նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը ռուսաստանյան շուկայում։ Մենք նախորդ տարվանից սկսել ենք վերազինվել, ձեռք ենք բերել նոր, ժամանակակից հոսքագծեր։ Արդեն այս տարվա կեսերին կկարողանանք բավարարել ռուսաստանյան գործընկերների պահանջարկը։ Համաձայնեք, որ դա շատ բանի մասին է վկայում, այն պարագայում, երբ դժվարություններ ունեն անգամ տարիների փորձ ունեցող, աշխատող գործարանները։
- Դուք նաև ավելացրել էիք բյուջե վճարվող հարկերը։
- Այո։ Հպարտությամբ եմ ասում, որ «Թամարա և Անին» նախորդ տարի պետբյուջե է վճարել ավելի քան 180 միլիոն դրամի հարկ՝ 30 միլիոնով ավելի շատ, քան 2012-ին։ Բացի այդ, տարվա ընթացքում մենք իրականացրել ենք բազում բարեգործական միջոցառումներ՝ օգնություն տրամադրելով մանկատներին, մանկապարտեզներին և ծերանոցներին։ Սոցիալական պատասխանատվություն ասվածը մեզ համար լոկ գեղեցիկ խոսքեր չեն։ Մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք թեթևացնել այն մարդկանց բեռը, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսկ առաջիկա ամիսներին կմեկնարկենք սոցիալական մի ծրագիր, որի մասին դեռ առիթ կունենանք խոսելու։
Զրուցեց Վարդան Սերոբյանը