Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ զույգ տառապում է անպտղությամբ. գինեկոլոգ


14:56 , 4 փետրվար, 2014

Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ զույգ տառապում է անպտղությամբ. գինեկոլոգLife.panorama.am-ը գրում է.

Այսօր Հայաստանում ամուսնական յուրաքանչյուր 6-րդ զույգ տառապում է անպտղությամբ, որը մեծ խնդիր է ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության համար: Ո՞րն է խնդրի պատճառը, ինչպե՞ս պետք է պայքարել դրա դեմ հարցերի պատասխանըLife.panorama.am-ը փորձեց պարզել բժշկական գիտությունների դոկտոր, վերարտադրողական կենտրոնի հիմնադիր տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանի հետ զրույցում:

-Բժիշկ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում այսօր անպտղությունն այսքան տարածված է դարձել:

-Նոր չի, որ տարածվել է, պարզապես հիմա այս մասին հասարակության մեջ բարձրաձայնվում է, մարդիկ սկսել են տանը նստել սպասելու փոխարեն բժշկի դիմել: Այն, ինչը նախկինում բժշկի և հիվանդի գաղտնիքն էր, այսօր արդեն բարձրաձայնվում է բոլոր մակարդակներով: Անպտղությունը ոչ միայն բժշկի և հիվանդի, այլ  ամբողջ հասարակության խնդիրն է… Սա ռազմավարական նշանակություն ունի, ժողովրդագրական, վիճակագրական խնդիր է, որը մեր պետականության առջև է ծառացած: Ամբողջ աշխարհում պետական, հասարակական և մասնավոր ընկերությունները այս հարցին հատուկ ուշադրություն են դարձնում… Լավ է, որ այժմ Հայաստանում ևս նման տենդենց կա…

-Որքա՞ն է անպտղության տոկոսն այսօր Հայաստանում: Այն գերազանցո՞ւմ է նախորդ տարիներին:

-Տոկոսը միշտ էլ բարձր է եղել: Կարելի է ասել, որ հիմա 10 տարի առաջվա տվյալների համեմատ նույնիսկ իջել է, քանի որ այս մասին շատ ենք խոսում, երևույթն արդեն ընտանիքներից դուրս է հանվել, հիվանդներն ավելի գրագետ են դարձել, բժիշկները զինվել են ավելի բարձր ախտորոշիչ սարքավորումներով, դեղորայքով, բուժման մեթոդներով…Նաև արդեն Հայաստան են մուտքագրվել արտամարմնային բեղմնավորման և օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները…Այժմ Հայաստանում խոշոր, լավագույն մի քանի կենտրոններ են գործում, որոնք այդ տեխնոլոգիաներին տիրապետում են: Սա առավելագույնն է, ինչ կարելի է անել անպտղության դեպքում: Նույնիսկ ծայրագույն դեպքում կարող ենք օգնել, որ զույգերն ունենան երեխաներ… Այնպես որ լայն քայլերով գնում ենք առաջ, որպեսզի Հայաստանի ամեն 6-րդ զույգին, որը այսօր տառապում է անպտղությամբ, կարողանանք օգնել… Պատկերացնո՞ւմ եք, ինչ մեծ, կարևոր ու լուրջ թիվ է… Երիտասարդ, բեղմնավոր տարիքի զույգերից ամեն 6-րդը երեխա ունենալու խնդիր ունի…

-Իսկ որո՞նք են այդ խնդիրները: Հիմնական պատճառն ինչո՞ւմն է:    

-Պատճառները շատ են. հորմոնալ խանգարումներ, բարդություններ ինֆեկցիաների հետևանքով: Տղամարդկանց մոտ մեծամասամբ վիրուսային հիվանդությունների խնդիր է լինում: Որոշ դեպքերում էլ պատճառն այդպես էլ պարզ չի լինում: Ընդհանրապես մոտ 40 պատճառ կա տղամարդկանց և կանանց մոտ:Գենետիկորեն պայմանավորված՝ հայուհիների, իտալուհիների, թրքուհիների մոտ հորմոնալ խնդիրները մի քիչ ավելի շատ են, ի տարբերություն եվրոպացի կանանց: Եթե նկատել եք, մեր կանանց մոտ մազակալությունը մի քիչ ավելին է…Իսկ տղամարդկանց մոտ այդ խնդիրները պայմանավորված են ոչ առողջ ապրելակերպով. սպորտով քիչ են զբաղվում, օգտագործում են անօգտակար ուտելիք՝ յուղոտ խաշ ու խաշլամա, ծխախոտն ու ալկոհոլը չարաշահում են…Հայաստանում ճիշտ ապրելակերպի մշակույթ, ցավոք սրտի, դեռ չկա…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ