13:41 , 4 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մի խումբ գերմանացի ցանցահեններ դատական հայց են ներկայացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ: Այս մասին տեղեկությունը հայտնվել է հայցի նախաձեռնողի դերով հանդես եկած Chaos Computer Club (CCC) ոչ առևտրային կազմակերպության կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն: Ցանցահենները մեղադրում են Մերկելին և նրա գլխավորած կառավարությանը համացանցից օգտվողների տվյալների գաղտնիության խախտման համար:
Մերկելը, նրա նշանակած նախարարներն ու նրանց ենթարկվող հետախուզական գերատեսչություններն օգնել են ամերիկյան հատուկծառայություններին՝ հետևել սոցցանցերում գերմանացիների նամակագրությանը, ասվում է CCC-ի մամլո հաղորդագրությունում:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ոչինչ չեն արել անօրինական լրտեսումը կանխելու համար, այլ հակառակը՝ նպաստել են ամերիկացիների կողմից համացանցից օգտվողների իրավունքների խախտմանը:
Նրանք պահանջում են, որ գլխավոր դատախազությունը հետաքննություն սկսի կառավարության գործունեության նկատմամբ:
Գերմանիայի կառավարության մամլո քարտուղար Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ Գերմանիայում ցանկացած մարդ ունի դատական հայցեր ներկայացնելու իրավունք: Այլ մեկնաբանություններ Զայբերտը չի արել: