Դև... Ծնունդդ շնորհավոր


11:15 , 4 փետրվար, 2014

Դև... Ծնունդդ շնորհավորLife.panorama.am-ը գրում է.

Ազգային-արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանը (Դև) ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին` ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում:

Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում ուներ, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:

Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից: Սակայն Դավիթը, որ կարճատես էր և կարող էր ազատվել ծառայությունից, որոշում է գնալ բանակ, համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց:

1984թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ:

1985թ.-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տաս հոգու դեմ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»:

Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի և համակվել էր գրելու ցանկությամբ: Այդպիսով փորձում էր թղթին հանձնել իր տեսածը, զգացածն ու ապրածը: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները:

Կյանքի այդ շրջանում նրա համար բացվում է կինոյի զարմանալի աշխարհը: Զարմիկը` հայտնի կինոռեժիսոր Գենդի Մելքոնյանը, Դավթին հրավիրում է աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր` Օդեսայում նկարահանվող ֆիլմում:

Սկսվում է նրա կյանքի հետաքրքիր շրջանը: Դավիթն սկսում է շատ շրջագայել, հանդիպել ճանաչված մարդկանց հետ և դա լավ ազդեցություն է թողնում նրա հետագա ստեղծագործությունների վրա: Դավիթը գրում է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վեր է ածում սցենարի: «300 վայրկյան»-ը, որի միայն անունն արդեն իսկ սլացք ու լարվածություն է պարունակում, արժանանում է ակնառու կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատում է այն նկարահանման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ