00:15 , 4 փետրվար, 2014
1966թ. փետրվարի 4-ին ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում ծնվեց Դավիթ Սարապյանը՝ Դևը: Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ: Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից: Սակայն Դավիթը, որ կարճատես էր և կարող էր ազատվել ծառայությունից, որոշում է գնալ բանակ:
1984թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա` Խմելնիցկու մարզում, որտեղ տիրող ամենաթողությունն ու կամայականություններն էլ շատ շուտ սթափեցնում են նրան: Դեպքերի ճակատագրական բերումով Դավիթը մենակ է մնում այլադավանների հետ: 1985թ.-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տասը հոգու դեմ՝ պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատում են և դատապարտում 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»: Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի եւ սկսում է ստեղծագործել: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները:
Սկսվում է արցախյան պատերազմը, և Դավիթը վճռականորեն գրիչը փոխարինում է զենքով ու 1990թ.-ին մեկնում ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ» շարքերը: Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում, առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»:
1991 թվականին Դևը մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին՝ Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է, 1991թ. դեկտեմբերի 10-ին` փայլուն կատարելով մարտական առաջադրանը: