Հալեպում պայթյուն է որոտացել Ֆինանսների տնօրինության շենքի մերձակայքում


00:19 , 4 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Զինյալների իրակացրած պայթյունի հետևանքով Հալեպում փետրվարի 3-ին մեծ նյութական վնասներ է կրել Ֆինանսների տնօրինության շենքը: Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ` պայթուցիկ սարքավորումը զինյալները գործի են դրել շինության մերձակայքում, բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Տնօրեն Մահմուդ Ջամալը նշել է, որ պայթյունից ամբողջովին ոչնչացվել է տեղեկատվության և սարքավորումների մի մասը: Նա նաև հաստատել է, որ բոլոր տեղեկությունների և փաստաթղթերի շրջանառությունն ավտոմատացված է, և պայթյունը չի վերացրել որևէ փաստաթուղթ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության հետևանքով 83 մարդ է զոհվել:

Ակտիվիստների խոսքով` զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են:

Զինյալների իրականացրած մեկ այլ պայթյունի հետևանքով Համայի Ռաբիա գյուղում 5 աշակերտ է զոհվել, կան նաև վիրավորներ: Ոստիկանության տեղեկացմամբ` 4 հրթիռներն ընկել են միջնակարգ դպրոցի վրա` աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Նյութական վնասներ են կրել դպրոցը և մերձակայքում գտնվող մեքենաները:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: