Լեհական Բորիսեվո քաղաքում գտնվող մասնավոր «Սաֆարի» կենդանաբանական այգում մեծ ուրախություն է տիրում: Այնտեղ բնակվող սպիտակ առյուծները սերունդ են տվել անազատության մեջ և բոլոր երեք նորածին կորյուններն էլ ձյունաճերմակ են: Նկարներում նրանք դեռ երկու օրեկան են և նրանց աչքերը նոր են բացվել, բայց նրանք շատ ակտիվ են ու եռանդով ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհը:
Մոր հպարտությունը. Ազիրա անունով սպիտակ առյուծը հսկում է իր նորածիններին:
Կորյունները ծնվել են հունվարի 28-ին և նրանց պատրաստվում են իսկական աստղ դարձնել, առավել ևս, հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհում 50-ից էլ քիչ սպիտակ առյուծ է մնացել, իսկ այժմ դրանցից 5-ը գտնվում են այս մասնավոր կենդանաբանական այգում:
Ազատության մեջ սպիտակ առյուծները հանդիպում էին միայն Հարավային Աֆրիկայի Մեծ Տիմբավատի շրջանում, որտեղի լանդշաֆտում գերակայում են սպիտակ ավազով գետափներն ու երկար խոտով ծածկված արևահարված մարգագետինները:
Այդ տարչածաշրջանում սպիտակ առյուծներին վերաբերվում էին, որպես աստվածային էակների, բայց երբ այս հազվագյուտ կենդանատեսակը հայտնագործվեց եվրոպացիների կողմից՝ 1970-ականներին, դրանցից շատերն անազատության մեջ հայտնվեցին, կամ էլ սպանվեցին: Դա բերեց նրան, որ ընդամենը 12 տարում այս կենդանատեսակը ի սպառ վերացավ վայրի բնության մեջ և այժմ հանդիպում է բացառապես կենդանաբանական այգիներում և մասնավոր գազանանոցներում:
Իրենց բնական պայմաններում, սպիտակ առյուծները համարվում են շուրջօրյա գիշատիչներ, ովքեր որսի են դուրս գալիս ինչպես օրը ցերեկով, այնպես էլ գիշերվա մթի քողի տակ և ունակ են որսալ անգամ ընձուխտների: Չնայած նրան, որ վայրի բնության մեջ սպիտակ առյուծներ այլևս չեն հանդիպում, գիտական աշխարհը չի շտապում դրանց վերացման վտանգի բախված կենդանատեսակների ցանկի մեջ ընդգրկել, որովհետև գիտնականները չեն տարանջատում սպիտակ առյուծներին՝ սովորական առյուծներից:
Սպիտակ Առյուծների Պաշտպանության Համաշխարհային կազմակերպությունն այժմ պայքարում է, որպեսզի սպիտակ առյուծներն առանձին կենդանատեսակ ճանաչվեն և պաշտպանվեն միջազգային օրենքներով:
Այնուամենայնիվ, մինչ օրս էլ անհայտ է մնում, թե ինչ գենետիկ մուտացիայի շնորհիվ են սպիտակ առյուծներ առաջանում և հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են:
Իսկ սա եռյակի հայրիկն է, որը մեծ սպիտակ արու առյուծ է:
Ի դեպ, նույն կենդանաբանական այգում՝ սպիտակ առյուծների ընտանիքին կից, ապրում է այս սարսափազդու և միևնույն ժամանակ գեղեցիկ սպիտակ վագրը: