Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց


15:26 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ այսօր մեղադրանք է առաջադրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել: Մամուլի տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: 

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոստիկանությանն էր ներկայացրել առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը: 
Ոստիկանության հասարկայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով. «Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սպարտակ Ղուկասյանին սպառնում է «ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Մինչ այդ Սպարտակ Ղուկասյանին ազատ են արձակել ոստիկանության բաժանմունքից՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը քաղաքից չհեռանալու մասին:

Ի դեպ՝ Շիրակի մարզը նոր փոխոստիկանապետ ունի. մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի փոխոստիկանապետ Վարդան Ենգոյանի փոխարեն նշանակվել է գնդապետ Տիգրան Գալստյանը: