Ո՞ր երկրներից են Հայաստան դիմում քաղաքական ապաստանի համար


15:02 , 3 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 29-ին Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող մի ընտանիք՝ հայրը, մայրը և 3 երեխաներ, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետում Հայաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա առաջին դեպքը չէ, անցած տարիների ընթացքում ևս Ադրբեջանից Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու դեպքեր եղել են:

Եգանյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում 320 մարդ դիմել է Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար, որից 290՝ սիրիացիներ:

«Ամեն մի հայցը՝ անգամ նույն երկրից, իր յուրահատկություններն ունի, ամեն մի անձ՝ իր հանդեպ կիրառված հալածանքները: Մեր խնդիրն է՝ պարզել այդ ամենը, երկրներն առանձնահատկություն չունեն, մի երկրից երկու տարբեր դիմում տարբեր կերպ կարող են քննարկվել: Անշուշտ, նմանություններ էլ կարող են լինել, բայց ամեն մի դեպք առանձին է ուսումնասիրվում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են հատկապես Հայաստան դիմում քաղաքական ապաստանի համար, որևէ արտոնություն առաջարկո՞ւմ է Հայաստանը, թե՞ ոչ, Գագիկ Եգանյանը պատասխանեց․ «Առաջին հերթին դիմում են քաղաքական հալածանքից պաշտպանվելու համար, դա առաջին կարևոր պատճառն է, իրենց երկրում իրենց հալածում են, դիմում են այլ երկրում քաղաքական ապաստան ստանալու համար»:

Հետաքրքվեցինք նաև, թե հատկապես որ երկրներից են շատ դիմում Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար. «Անցած տարի Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, աֆրիկյան մի շարք երկրներից»: