Ինչո՞ւ է աշխարհը այսքան անարդար


13:39 , 3 փետրվար, 2014

Ինչ լավ կլիներ, որ ամեն մարդ իր աշխարհում ապրեր: Այնտեղ նա թույլ չի տա, որ իրեն շրջապատող մարդիկ վիրավորեն միմյանց, անարդարություններ, դժբախտ դեպքեր տեղի ունենան: Այսինքն, նա ինքը կկառավարի իրեն շրջապատող աշխարհը: Այդպես էլ երևի դճբախտ պատահարները, բանտ ընկնելու առիթներն էլ քիչ կլինեն: Բայց, ավաղ, այդպես չէ աշխարհի դրվածքը, և մարդիկ շարունակում են հող նախապատրաստել իրենց բազում մեղքերը քավելու համար:

Մենք սխալներ ենք գործում` չմտածելով դրանց հետևանքների մասին: Մենք վնասում ենք մեկս մյուսին, ցավ պատճառում, սպանելու աստիճան խեղդում ապրելու ցանկությունը: Ինչքան հոգեկան վերքեր ենք մենք պատճառել մեզ շրջապատող հարազատ կամ ոչ հարազատ մարդկանց, որոնցից շատերի մոտ դրանք երբեք չեն սպիացել: Ինչպես մաքրենք այս սխալները կյանք կոչվող դպրոցի գրատախտակից: Դրանք ավելի ու ավելի են շատանում, խորանում, սաստկանում, ավելի զորեղ դառնում, ավերիչ դառնում: Մարդիկ չեն հասկանում, որ ուրիշին վնասելով` իրենց են վնասում` ևս մի սև բիծ ավելացնում իրենց դատավճռում: Կամ էլ հասկանում են, բայց դրա լրջությունը չեն ըմբռնում: Ինչո՞ւ է աշխարհը այսքան անարդար, ինչո՞ւ են մարդիկ այսքան կեղտ պարունակում իրենց հոգիներում: Կարծես դրանք ոսկիներ լինեն, որ ինչքան շատ, այնքան լավ (շատ լինի, քիչ չլինի): Իհարկե, դա էլ այդպես չէ: Մենք բոլորս էլ մեղավոր ենք: Մեկս` այն մարդու կամ կենդանու առջև, որին սպանել ենք, մեկս` այն տատիկի, որին չենք օգնել, մեկս` այն մրջյունի առջև, որին տրորեցինք, երբ նա ուտելիք էր տանում իր ընտանիքի համար կամ էլ սեր էր խոստովանում իր սիրած էակին:
Մի խոսքով, շատ է արդարների բանակը, բայց դրանից եռակի, քառակի շատ է անարդարների և չարամիտների բանակը: Եթե ամեն մեկս արդարության մեր մասնիկը ներմուծենք այս անարդարություններով ողողված աշխարհ, արդարների բանակը կհամալրվի ևս մեկով: