Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում. Ելենա Բաշկիրովա


11:24 , 3 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Հայտնի ռուս դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան «Երևանյան հեռանկարներ» 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում փետրվարի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայ հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրեց Ֆ. Լիստի «Օբերմանի դաշտավայրը» «Ուխտագնացության տարիներ» շարքից, Ի. Ալբենիսի «Իսպանիայի երգերը», Գ. Ուստվոլսկայի «Սոնատ դաշնամուրի համար» թիվ 5 և Չայկովսկու «Տարվա եղանակներ» ստեղծագործությունները: Նույն ծրագրով դաշնակահարուհին ելույթներ է ունենում նաև այլ երկրներում: 

Բաշկիրովան առաջին անգամ Հայաստան է այցելել մի քանի տարի առաջ և որպես մենակատար հանդես եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` կատարելով Բեթհովենի ստեղծագործություններից:

«Ես շատ ուրախ եմ Երևանում լինելու համար, երջանիկ եմ վերադառնալ այստեղ: Հայաստանը հիասքանչ երկիր է, ունի շատ լավ հանդիսատես, և ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ուրախ եմ, որ այսօր շատերն են Հայաստան այցելում, և երբ նշում եմ, որ Հայաստան եմ գալիս, շատերն են ուրախանում: Հազվադեպ է նման ունկնդիր լինում, ինչպիսին հայաստանյան ունկնդիրն է»,-  լրագրողների հետ զրույցում նախօրեին նշել էր Ելենա Բաշկիրովան, ով մտադրություն ունի իր երաժշտացանկը համալրել հայկական ստեղծագործություններով:

Դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան ծնվել է Մոսկվայում և սովորել Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր հոր՝ հայտնի դաշնակահար և մանկավարժ Դմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ։ Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան կատարում է 20-րդ դարի երաժշտություն և պարբերաբար նվագում այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ, NDR (Համբուրգ),WDR (Քյոլն), Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ, «Կոնցերտհաուզ», ինչպես նաև Փարիզի, Չիկագոյի, Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան նվագախմբերը։