18:36 , 1 փետրվար, 2014
168.am-ը գրում է.
«Վիճակը շուտ չի կարգավորվի, եթե ընհանրապես կարգավորվի, բայց ես չեմ հավատում, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանաբնակ հայտնի քաղաքագետ, միջազգայնագետ Ալեքսանդր Ռառը` գնահատական տալով Ուկրաինայում ներկայումս ստեղծված լարված իրավիճակին: Փորձագետի խոսքերով` Ուկրաինան, որպես ամբողջական պետություն, ԽՍՀՄ փլուզումից և անկախանալուց հետո շարունակել է մնալ պառակտված արևելյան և արևմտյան հատվածների միջև, սակայն միաժամանակ Ուկրաինայի քաղաքական էլիտաները կարողացել են կլոր սեղանի շուրջ լեզու գտնել և համաձայնության գալ: «Ամենագլխավորն այն է, որ այժմ փողոցում ոստիկանության և ժողովրդի միջև պայքարը տեղափոխվի խորհրդարան և կլոր սեղանի շուրջ: Կարծում եմ` հենց սա է այսօր տեղի ունենում Ուկրաինայում. մարդիկ սկսում են վիճել, երկրի ապագան, Սահմանադրության փոփոխության, օրենսդրության փոփոխման հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ, ոչ թե փողոցում: Սա լավ է, բայց այս գործընթացը բավական երկար կտևի: Իսկապես երկիրը հասել է քաղաքացիական պատերազմի շեմին, երբ ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չի կարողանում վերահսկել իրավիճակը: Եվ միևնույն ժամանակ մենք տեսանք արտաքին ուժերի ուղղակի միջամտությունը. Եվրոպական միությունն աջակցում էր ընդդիմությանը, իսկ Ռուսաստանն իր վարկերով աջակցում էր Ուկրաինայի իշխանությանը: Այդ պատճառով` իրավիճակն իսկապես շատ բարդացավ, այն պայթունավտանգ էր: Բայց վերջին 2-3 օրերին իրադրությունը մի փոքր հանդարտվում է»,- կարծիք հայտնեց քաղաքագետը: Ռառը կարծիք հայտնեց, թե Ուկրիանայի խնդիրը գլխավորն է եղել երեկ Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած անվտանգության միջազգային համաժողովում, և թե´ ամերիկացիները, թե´ եվրոպացիները, թե´ ռուսները շահագրգռված են, որպեսզի հիմնախնդիրը լուծվի համատեղ ջանքերով: Ըստ քաղաքագետի` ո´չ արևմտյան պետությունները, ո´չ էլ Ռուսաստանը չեն ցանկանում, որ Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի ունենա բռնի ճանապարհով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ